Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում հարուցվել են վարչական վարույթներ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութների նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա տեղեկացրեց, որ «Արայն» ու «Տեխնոլայֆը» մեղադրվում են հնարավոր անբարեխիղճ վարքագծի համար: Ընկերությունները հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms հաղորդագրություն` հետևյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ: 010222513»: Նույնաբովանդակ հաղորդագրություն է ուղարկել նաև «Տեխնոլայֆ» խանութը, սակայն նշված հեռախոսահամարները չեն պատասխանել: Իսկ խանութներ այցելած բազմաթիվ քաղաքացիներ պարզել են, որ ակցիան տարածվում է հատուկենտ շատ բարձրարժեք ապրանքների վրա, որոշ ապրանքների վրա գործում են 5-20% զեղչեր՝ վիճակախաղի սկզբունքով: Ընդ որում` նույն գնային պայմանները գործել են sms-ներ չստացած հաճախորդների համար:
Շաբոյանն այս իրավիճակը գնահատեց որպես հասարակության մոլորեցում: Ըստ նրա` անհանավանական է նաև «Վեգա»-ի հայտարարած 110% զեղչը: ՏՄՊՊՀ նախագահը քաղաքացիներին կոչ արեց ուշադիր լինել և չխաբվել:
Նա տեղեկացրեց, որ վարույթի շրջանակում կուսումնասիրվի ընկերությունների վարքագիծը, այնուհետև կհրապարակվի համապատասխան որոշումը:
Civilnet











