Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել ևս երկու վճարահաշվարկային համակարգերի` «Կոնտակտ»-ի և «Բլիզկո»-ի գործունեության թույլատվությունները: Այս տարվա ընթացքում արդեն չորս վճարահաշվարկային համակարգ է լքել Հայաստանը. ԿԲ-ն հոկտեմբերի 8-ին որոշել էր ուժը կորցրած ճանաչել ռուսաստանյան «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության համար տրված բոլոր թույլտվությունները, իսկ մինչ այդ ուժը կորցրած էր ճանաչվել «Միգոմ»-ի լիցենզիան։
Ըստ ԿԲ-ի հաղորդագրության՝ պարզվել է, որ «Կոնտակտ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատոր հանդիսացող ЗАО АКБ «Русславбанк»-ի կողմից անհիմն և առանց որևէ պատճառաբանության, խախտելով հայաստանյան մի շարք առևտրային բանկերի հետ կնքած պայմանագրերի դրույթները, չի ապահովվել տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքը, ինչը կարող է վտանգել Հայաuտանի Հանրապետությունում ֆինանսաբանկային համակարգի կայունությունը։ Միաժամանակ` համակարգերի օպերատորի նման վարվելակերպը և ռազմավարությունը կարող է առիթ հանդիսանալ ցանկացած պահի դադարեցնելու վճարահաշվարկային համակարգից օգտվելու՝ ՀՀ բանկերի իրավունքը:
«Բլիզկոն», իր հերթին, չի պահպանել Կենտրոնական բանկի խորհրդի 2006թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի պահանջները, ինչը կարող է վտանգել Հայաuտանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը։
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին ԿԲ խորհուրդը փոփոխություններ էր կատարել «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հետևանքով Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցում, որոնցով ավելացնում է իր իրավասությունների շրջանակը, թե որ դեպքում կարող է կորցրած ճանաչվել վճարահաշվարկային համակարգի մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները։ ԿԲ պահանջների տրամաբանության հիմքում այն է, որ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերը գործեն նաև Լեռնային Ղարաբաղում և դրա մասին տեղեկատվությունը զետեղեն իրենց պաշտոնական կայքում։ Ուստի վճարահաշվարկային ընկերությունները հրաժարվում են ԼՂՀ-ում գործունեություն ծավալել, քանի որ Ադրբեջանը ԼՂՀ-ում գործունեություն ծավալող բոլոր համակարգերին զրկում է լիցենզիայից:
Հայաստանում գործում է շուրջ 14 վճարային համակարգ, սակայն դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի 55%-ը բաժին է ընկնում արտասահմանյան 5 վճարահաշվարկային համակարգերի։
Civilnet











