«Կոնտակտ» վճարային համակարգի օպերատոր «Ռուսսլավբանկ» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում ՀՀ Կենտրոնական բանկի` Հայաստանում «Կոնտակտի» գործունեության թույլտվությունն ուժը կորցրած համարելու որոշումը որակել է պրոտեկցիոնիստական քայլ, հաղորդում է «Արմինֆոն»:
«Հայաստանի Հանրապետությունում իր աշխատանքի ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում «Ռուսսլավբանկ» ՓԲԸ-ն` որպես «Կոնտակտ» վճարային համակարգի օպերատոր, կատարել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, ինչպես նաև ֆինանսական շուկայի կարգավորիչների բոլոր իրավական պահանջները, և մինչ օրս Հայաստանի Հանրապետության ֆինանսական իշխանությունների, ինչպես նաև իր բազմաթիվ գործընկերների կողմից որևէ ծանուցում չի ստացել պայմանագրային պարտավորությունների և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային համակարգերի գործունեության կանոնների խախտման վերաբերյալ: «Ռուսսլավբանկ» ՓԲԸ-ն չի ընդունում որոշման մեջ նշված արգելքի պատճառը, այն է` «Հայաստանյան մի շարք առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթների խախտում և ՀՀ տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքի դադարեցում»:
«Ռուսսլավբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ-ի որոշումը գնահատում է որպես պրոտեկցիոնիստական միջոց, որն ուղղված է ֆինանսական շուկաներում մրցակցության ստիպողական սահմանափակմանը, մասնավորապես` դրամական փոխանցումների ոլորտում, ինչը միանշանակորեն կհանգեցնի հաճախորդների համար դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծառայությունների գների աճին: Մեր կարծիքով` նման որոշումներն էապես ազդում են երկրում ներդրումային գրավչության և բիզնեսի վարման պայմանների թափանցիկության վրա»,- ասված է ընկերության տարածած հայտարարությունում:
Նշենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՀ ԿԲ-ն ուժը կորցրած էր ճանաչել երկու վճարահաշվարկային համակարգերի` «Կոնտակտ»-ի և «Բլիզկո»-ի գործունեության թույլատվությունները: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում արդեն չորս վճարահաշվարկային համակարգ է լքել Հայաստանը:
Civilnet











