2012թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 841 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 831,6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 90,2%‑ով և 85,1%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը, հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:
Չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 22,7 մլրդ դրամ կամ նախատեսված տարեկան մուտքերի 95,8%-ը, իսկ ծախսերը` շուրջ 18 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 68,5%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են 818,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 813,6 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի համապատասխանաբար 90,1% և 85,6% կատարողական:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10,8%-ով կամ շուրջ 82,3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Պետական բյուջեի եկամուտների 94,2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 0,8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 792,2 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են տարեկան ծրագրի 90,3% կատարողական: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 11,8%‑ով կամ 83,7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի գծով ստացված մուտքերի աճով:
ՀՀ պետական բյուջեի ծախսերը
2012թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4,4%‑ով կամ 34,8 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 763,7 մլրդ դրամ` 86,6%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8,2%-ով կամ 57,6 մլրդ դրամով:
ՀՀ պետական բյուջեի հավելուրդը
2012թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված վարկային միջոցների) կատարվել է 9,4 մլրդ դրամ հավելուրդով` տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 44,6 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
Պետական բյուջեի հավելուրդի ներքին աղբյուրները կազմել են -18,3 մլրդ դրամ, արտաքին աղբյուրները` շուրջ 8,9 մլրդ դրամ: Ներքին աղբյուրներում 23,0 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, ‑41,3 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների տարեկան ծրագրից շեղումների արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցներից տարեկան ծրագրով նախատեսված 23,6 մլրդ դրամ օգտագործման դիմաց հունվար-նոյեմբեր ամիսներին նշված միջոցներն ավելացել են 27,5 մլրդ դրամով:
Civilnet











