Գլխավոր Լրահոս

Բոյկոտ՝ ըստ էության

Հայաստանի խորհրդարանում ներկայացված ևս մեկ ուժ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, հայտարարեց, որ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու չի առաջադրի: Այսպիսով, խորհրդարանում ներկայացված ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից հետո ՀՅԴ-ն դառնում է երրորդ ուժը, որը սեփական թեկնածուով չի մասնակցում ընտրություններին, միաժամանակ բացառելով աջակցել իշխանության թեկնածուին՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին:

Նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու և թեկնածուներից որևէ մեկին սատարելուց հրաժարվելու մասին առաջինը հայտարարեց ԲՀԿ-ն, որը 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել էր քվեների ավելի քան 30 տոկոսը: Մի քանի օր առաջ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ իր թեկնածությունը չի դնի՝ պարզաբանելով, որ սեփական ժողովրդին հարգող մարդը 68 տարեկան հասակում չի կարող հավակնել նախագահի պաշտոնին:

Անկասկած, Տեր-Պետրոսյանը չի մասնակցում նախագահական ընտրություններին, քանի որ իր փորձով (և´ 1996թ., երբ ինքը կեղծեց, և´ 2008թ., երբ իր դեմ կեղծեցին) համոզված է, որ Հայաստանում  այսօր ստեղծվել է քաղաքական մի իրավիճակ, երբ ոչ միայն ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել, այլև դա հնարավոր չէ նաև հետընտրական պայքարով: «Հայաստանում ո´չ քաոսային վիճակ, ո՛չ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիության առկայությունն է, երբ ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը զավթած մի բուռ հանցագործների ձեռքում»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահը ընդունեց իրատեսական որոշում: Գիտակցելով, որ ներքաղաքական պայմաններն այնպիսին են, որ ընտրություններում հնարավոր է միայն պարտվել, Տեր-Պետրոսյանը միաժամանակ հրաժարվեց օրինականացնել Սերժ Սարգսյանի՝ երկրորդ անգամ  նախագահ դառնալու գործընթացը:

ՀՅԴ-ն, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, չի գործածում կոշտ բառապաշար, սակայն կուսակցության ներկայացրած պատճառաբանությունները տրամաբանական են: Աժ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ներկայացրել է մի քանի պատճառաբանություն, թե ինչու է անիմաստ մասնակցել նախագահական ընտրություններին: Առաջին՝ «մարդիկ գնում են ընտրության տեղամաս, բայց որոշումը արդեն վաղուց այլ միջոցներով, այլ լծակներով կայացել է», երկրորդ՝ «հնարավոր չեղավ ընդդիմադիր միասնական ճակատ ձևավորել, որը նաև կհանգեցներ միասնական թեկնածուի», երրորդ և ամենահիմնականը՝ «մասնակցել ինքնանպատակ կանխորոշված ընտրություններին, կնշանակեր գծված սցենարի մաս կազմել, իսկ մենք ասել ենք, որ Դաշնակցությունը երբեք ուրիշների խաղը չի խաղում և երբեք ուրիշների սցենարով չի առաջնորդվում»:

Այսպիսով, 1991-ից ի վեր առաջին անգամ ՀՅԴ-ն Հայաստանի նախագահական ընտրություններում չի առաջադրում իր թեկնածուին, և այս պահի դրությամբ չի պաշտպանում որևէ թեկնածուի: 1991թ. նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածուն Սոս Սարգսյանն էր, որը ստացավ քվեների 4.3 տոկոսը: 1996թ. նախագահական ընտրություններում ՀՅԴ-ն աջակցեց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի, 1998թ. և 2003թ. ՀՅԴ-ն պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2008թ. հանդես եկավ իր թեկնածուով (Վահան Հովհաննիսյանը ստացավ քվեների 6 տոկոսը):

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ներկայում գործող նախագահ Սերժ Սարգսյանը որևէ լուրջ մրցակից չի ունենա փետրվարի 18-ի ընտրություններում: Իսկ եթե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս չմասնակցի ընտրություններին, ապա Սերժ Սարգսյանը կարող է հավաքել ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեների ավելի քան 80 տոկոսը, մի ցուցանիշ, որը բնորոշ է ավտորիտար երկրներին և պատիվ չի բերում Հայաստանին: Բայց եթե բոլոր ընդդիմադիր և հեղինակություն վայելող կուսակցություններն ու գործիչները չմասնակցեն նախագահական ընտրություններին, ապա, անկախ նրանից, թե քանի տոկոս քվե կստանա Սերժ Սարգսյանը, նրա լեգիտիմությունը միջազգայնորեն և ժողովրդայնությունը Հայաստանի ներսում ավելին չի լինի, քան այսօր է:  

1990-ականների սկզբներին, երբ ԽՍՀՄ-ը նոր էր փլուզվել, մի շարք քաղաքագետներ կանխատեսում էին, որ հետխորհրդային հանրապետությունները, ապրելով ժողովրդավարության կարճ ժամանակաշրջան, ընտրելու են ավտորիտարիզմի ու տոտալիտարիզմի ուղին: Լայն հաշվով, նրանք ճիշտ դուրս եկան:

Բացառությունը վերաբերում է միայն բալթյան երեք հանրապետություններին: Էստոնիան, Լատվիան ու Լիտվան Եվրոպական Միության մաս են կազմում արդեն, դարձել են բարեկեցիկ, բարգավաճ պետություններ: Հետխորհրդային մյուս 12 հանրապետություններից 7-ը արդեն իսկ «հաղթահարել» են ավտորիտարիզմի ժամանակաշրջանը և մոտեցել տոտալիտարիզմի փուլին:  Այդ պետություններն են Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Բելառուսը և Ռուսաստանը: Եվս երկու հանրապետություններ՝ Հայաստանն ու Ղրղըզստանը, դեռ գտնվում են ժողովրդավարության ու ավտորիտարիզմի «եզրին»: Եվ վերջապես երեքը՝ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը, դեռ հնարավորություն ունեն շարժվելու ժողովրդավարության ճանապարհով, այսինքն՝ իշխանափոխություն իրականացնել համեմատաբար ազատ և արդար ընտրությունների միջոցով՝ մրցակցային պայմաններում:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում