Գլխավոր Լրահոս

Ամփոփելով 2012-ը

2012-ը ամփոփելիս մի յուրահատկություն կարելի է նկատել. գրեթե բոլորը (իշխանությունից բացի) տարին համարում են կորսված հնարավորությունների և ձախողումների տարի:

2012-ը բավական հարուստ էր քաղաքական գործընթացներով, որոնք շատերի մեջ փոփոխությունների հույսեր էին արթնացրել: Նախ 5-րդ անգամ Հայաստանում ձևավորվեց երկրի օրենսդիր մարմինը, որը որևէ բեկում չբերեց հայկական գորշ իրականության մեջ: Տխուր ավանդույթի համաձայն՝ պատճառը կրկին ընտրությունների կեղծումն էր: Ժողովուրդը հերթական անգամ խորհրդարանում չտեսավ իր ընտրյալներին կամ տեսավ այնքանով, որքանով հարմար գտան ՀՀԿ տերերը: Չնայած այն հանգամանքին, որ ոչ իշխանական ուժերի հիմնական հատվածը պատրաստակամություն էր հայտնել տեր կանգնել հասարակության քվեին, դա տեղի չունեցավ: Մարդկանց սոցիալական ծանր վիճակն ու դեպրեսիան խորհրդարանական ընտրություններից հետո սուր դրսևորումներ չստացան, քանի որ ընդամենը մի քանի ամիս հետո նախագահական ընտրություններ էին տեղի ունենալու. 2012թ. երկրորդ կեսը ծախսվեց իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին դիմագրավելու արդյունավետ մեթոդներ ու կոմբինացիաներ մշակելու վրա: Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ իշխանության ձեռնոց նետողի դերակատարում դիտարկվում էր ոչ թե ընդդիմությունը, այլ իրեն «այլընտրանք» ներկայացնող ԲՀԿ-ն: Շահագրգիռ քաղաքական ուժերի միջև բանակցություններն ընթանում էին հենց այդ տրամաբանության շրջանակում: Միասնական թեկնածու ունենալու համար առաջ քաշվեց անգամ խորհրդարանական հանրապետություն ունենալու օրակարգը: Սակայն ակնհայտորեն ոչ էական տարաձայնությունների բացակայության պայմաններում միասնական թեկնածուով և իշխանափոխությամբ շահագրգռված ուժերը ձախողվեցին:

Խորհրդարանական ընտրություններից հետո անորոշությունը վերածվեց իսկական դեպրեսիայի, երբ քաղաքական դաշտի հիմնական դերակատարները մեկը մյուսի հետևից հայտարարեցին նախագահական ընտրություններին չմասնակցելու և ոչ մի թեկնածուի չպաշտպանելու մասին: Ընտրությունների բոյկոտը ամբողջացավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը ասպարեզում մնաց քաղաքական զրոյական կապիտալով և նախագահական ընտրությունները խեղկատակության հետ շփոթող թեկնածուների հետ: Թեկնածուներից ընդամենը երկուսն են, որ որոշակի քաղաքական կապիտալ ունեն, սակայն կանգնած են դրանք վերջնականապես զրոյացնելու ճանապարհին:

Առաջին անգամ պատմության մեջ ամենատխուր նախագահական ընտրություններից հասարակությունը որևէ փոփոխության ակնկալիք չունի, սակայն յուրաքանչյուր իրողության վերջը միշտ էլ նոր իրողության սկիզբ է լինում:  

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում