Գլխավոր Լրահոս

Ամանորը չի ազդել գների վրա

Ամանորը չի ազդել գների վրա

Հայաստանը տարին փակել է 3,2% գնաճով՝ Կենտրոնական բանկի կողմից կանխատեսված 4%-ի դիմաց։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից ստացվում է, որ բնակչությունը ամանորը պատրաստվում է դիմավորել ոչ թե լի սեղաններով, այլ նոր կենցաղային տեխնիկայով։

Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) կողմից դեկտեմբերին արձանագրված 12-ամսյա գնաճի ցուցանիշը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ նոյեմբերին այն ավելի բարձր է եղել՝ 3,6%։ Դեկտեմբերյան ցուցանիշը իրականում պայմանավորված է անցած տարվա գործոնով, մեթոդոլոգիական խնդիրներով և տնտեսվարողների վարքագծով։

Եթե այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2,1% գնաճ, ապա անցած տարվա դեկտեմբերին ամսական գնաճը կազմել է 2,5%։ Իհարկե, անցած տարի նոյեմբերին 12-ամսյա գնաճը (4,8%) 0,1 տոկոսային կետով ավելի մեծ է եղել քան դեկտեմբերին, բայց ստացվում է մի պատկեր, երբ ամսական կտրվածքով 2,5% գնաճի պայմաններում տարեկան գնաճը նվազում է 0,1 տոկոսային կետով, իսկ 2,1%-ի դեպքում՝ 0,4 տոկոսային կետով։

Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ այս տարվա նոյեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ գներն ավելի մեծ աճ են ունեցել, քան այս տարվա դեկտեմբերին՝ դեկտեմբերի համեմատ։ Այսպիսի պատկերը առաջին հայացքից տարօրինակ է, սակայն ընդամենը մեթոդոլոգիայի խնդիր է, քանի որ դեկտեմբերի գնաճի ցուցանիշում ներառված չէ ամանորյա գների բարձրացումը։ Ըստ գործող մեթոդաբանության՝ գների դիտարկումը կատարվել է 2012թ. դեկտեմբերի 3-ին, 10-ին և 20-ին Երևանում և հանրապետության մարզերի 11 բնակավայրերում՝ 470 անվանում ապրանք ծառայությունների գծով։

Մեթոդոլոգիական բացի արդյունքում այս տարի հնարավոր է եղել արձանագրել ավելի ցածր գնաճ, որը գտնվում է թիրախային ցուցանիշի՝ 4±1,5%-ի շրջանակում։ Ամանօրի նախաշեմին գների աճն իր արտացոլումը կգտնի արդեն գալիք տարվա հունվարի ցուցանիշում, ինչպես դա եղավ այս տարվա հունվարին, երբ արձանագրվեց 4,8% 12-ամսյա գնաճ։ Իհարկե մեթոդոլոգիական բացն առկա է եղել նաև անցած տարի, բայց պետք է հաշվի առնել, որ նման պայմաններում գնաճի ընդհանուր ցուցանիշը պայմանավորված է տնտեսվարողների վարքագծով՝ թե երբ կլինի գների բարձրացումը, մի՞նչև դեկտեմբերի 20-ը, թե դրանից հետո։

Այն, որ դեկտեմբերին 12-ամսյա գնաճի ցածր ցուցանիշի հարցում էական դեր է խաղացել տնտեսվարողների վարքագիծը, ցույց է տալիս նաև ամսական գնաճը։ Եթե նախորդ տարիներին դեկտեմբերին պարենային ապրանքների գների աճը եղել է ավելի բարձ քան ոչ պարենային ապրանքներինն ու ծառայություններինը, ապա այս տարի վիճակագիրներն այլ պատկեր են ստացել։

Այսպես, 2012թ. դեկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային ապրանքների գներն աճել են 3,1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5,7%-ով, ծառայությունների սակագներն աճել են 2,1%-ով։

Նախատոնական օրերին պարենային ապրանքների գների «համեստ» աճը մի փոքր անհասկանալի է, քանի որ ցույց է տալիս գների աճի վրա պահանջարկի ավելի թույլ ճնշումը, այն դեպքում, երբ վիճակագիրների տվյալներով՝ տասնմեկ ամիսներին Հայաստանում միջին աշխատավարձը աճել է 5,2%-ով։ Ստացվում է, որ թեև միջին աշխատավարձերի աճի տեմպը եղել է առաջանցիկ, քան գնաճը, «ավելցուկային» միջոցները քաղաքացիները ուղղել են ոչ թե ամանորին նախապատրաստվելուն, այլ ոչ պարենային ապրանքների ձեռքբերմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում