Գլխավոր Լրահոս

Հարկային մուտքեր` ծխողների հաշվին

Հարկային մուտքեր` ծխողների հաշվին

Հայաստանում նոր տարին մեկնարկում է գների նոր բարձրացումով։ Հարկային բեռի ավելացման հետևանքով հունվարի 1-ից տեղական արտադրության սիգարետների 1 տուփը կթանկանա 15 դրամով, ներկրվածներինը՝ 10 դրամով։ Սակայն քանի որ սիգարետի խոշոր ներկրողները «փոխկապակցված» են իշխանությունների հետ, չի բացառվում՝ մինչև նախագահական ընտրություններ ներկրվող սիգարետների գների փոփոխություն չլինի։

 Հունվարի 1-ից ֆիլտրով 1000 հատիկ տեղական սիգարետի հաստատագրված վճարը կազմելու է 7 հազ. դրամ (աճը՝ 750 դրամ), ներկրված սիգարետինը՝ 8 հազ. դրամ (աճը՝ 500 դրամ)։ Հարկադրույքի բարձրացման հետևանքով ըստ էության տեղական արտադրության 1 տուփ (20 հատիկ) սիգարետի ինքնարժեքն ավելանում է 15 դրամով, ներկրվածինը՝ 10 դրամով։ Ակնկալվում է, որ թե՛ ներկրողները, թե՛ տեղական արտադրողները գների բարձրացումը կտեղափոխեն սպառողների ուսերին՝ բարձրացնելով արտադրանքի գինը։

Այդուհանդերձ չի բացառվում, որ մինչև նախագահական ընտրություններ սիգարետ ներկրող ընկերությունները (խոշոր մի քանի ընկերություն, որոնք փոխկապակցված են իշխանությունների հետ) ձեռնպահ մնան գների փոփոխությունից։ Անգամ եթե քաղաքական նպատակներից ելնելով՝ ներկրվող սիգարետների գները առաջիկա երկու ամիսներին անփոփոխ մնան, միևնույն է, տեղական սիգարետները անխուսափելիորեն թանկանալու են։ Այլ հարց է՝ աճը կլինի հարկադրույքի ավելացման չափով, թե սովորույթի համաձայն՝ ավելի մեծ։

Կառավարության առաջարկով 2010թ. հոկտեմբերին Ազգային Ժողովը «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում կատարել է փոփոխություն, ըստ որի՝ մինչև 2014թ. յուրաքանչյուր տարի բարձրանալու են սիգարետների հաստատագրված վճարները։ 2013թ. հարկադրույքի բարձրացման վերջին տարին չէ։ 2014թ. սիգարետները հարկման հաստատագրված վճարների դաշտից կտեղափոխվեն հարկման ընդհանուր դաշտ, ինչը նշանակում է, որ հարկադրույքը կախված կլինի արժեքից՝ վճարվելու է ԱԱՀ, մաքսատուրք, ինչպես նաև ակցիզային հարկ (ֆիլտրով 1000 հատիկ սիգարետի հաշվով՝ Դ5 հազ.)։ Սա ենթադրում է, որ 2014թ. սիգարետների գները մեկ անգամ ևս կբարձրանան։

«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխությունները ենթադրում են ոչ միայն հաստատագրված վճարների բարձրացում, այլև տեղական և ներկրված սիգարետների հարկադրույքների միջև առկա տարբերություն կրճատում։ Արդյունքում կրճատվելու է նաև տեղական և ներկրված սիգարետների գների միջև շեղումը։

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով՝ ներմուծվող սիգարետի նկատմամբ թույլատրվում է մինչև 15% մաքսատուրքի կիրառում, ինչը նշանակում է, որ ներկրվող և տեղական սիգարետների հարկադրույքների շեղումը չի կարող գերազանցել Դ1,5 հազ-ը (1000 հատիկի հաշվով)։

ԱՀԿ-ի պահանջների արդյունքում տարեցտարի ներքին շուկայում տեղական արտադրությունը զիջում է դիրքերը։ Այսպես, եթե 2010թ. տեղական սիգարետների մասնաբաժինը շուկայում 55% էր, ապա անցած տարի ցուցանիշը նվազել է մինչև 42%։ Այս տարվա ինը ամիսներին այն արդեն կազմել է 40,6%։ Խնդիրն այն չէ, որ տեղական սիգարետները որակական չափանիշներով մրցակցային չեն։ Խնդիրն այն է, որ եթե 2010թ. Հայաստանից արտահանվել է 32,4 մլն տուփ սիգարետ, ապա անցած տարի ցուցանիշը կազմել է 70,7 մլն տուփ, այս տարվա ինը ամիսներին՝ արդեն 108,9 մլն։

Արմենակ Չատինյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում