Աշխարհի ամենահարուստ մարդկանցից և նշանավոր ներդրողներից Ուորեն Բաֆեթը մի առիթով ասել է, որ իր անձնական հաջողության հարցում երկու հիմնական գործոններ են առանցքային եղել՝ երկիրը (Միացյալ Նահանգներ), որտեղ ծնվել է, և ծնված թվականը (1930):
1988թ., երբ «Էկոնոմիստ» հանդեսի քույր ընկերությունը՝ Economist Intelligence Unit-ը 50 երկրների շրջանում պարզեց, թե որն է լավագույն երկիրը նորածինների համար, առաջին տեղում շարունակում էր մնալ Միացյալ Նահանգները:
Այսօր, սակայն, իրավիճակը փոխվել է, և 2013թ. նորածինների համար աշխարհի ամենաբախտավոր երկիրը արդեն Շվեյցարիան է: Economist Intelligence Unit-ը այս տարվա համար փորձաքննություն է անցկացրել աշխարհի 80 երկրներում՝ հաշվի առնելով հիմնական 11 ցուցիչներ: Ընտրված 80 երկրների շարքում չեն ներառվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Վրաստանը:
Շվեյցարիայից հետո ծնվելու համար ամենալավ երկրներն են Ավստրալիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Հոլանդիան, Կանադան և Հոնգ Կոնգը: Միացյալ Նահանգները Գերմանիայի հետ կիսում է 16-17-րդ տեղերը:
Հայաստանին անմիջական հարևան կամ մոտ երկրների շարքում ծնվելու համար ամենալավ երկրների մեջ են Իսրայելը (20-րդ տեղ), Քուվեյթը (22) և Կիպրոսը (23): 80 երկրների մեջ ծնվելու համար նպաստավոր երկրների շարքում Թուրքիան 51-րդ տեղում է, Իրանը՝ 58-րդ, Ադրբեջանը՝ 70-րդ, Ռուսաստանը՝ 72-րդ, Ուկրաինան՝ 78-րդ:
Թաթուլ Հակոբյան
Civilnet











