Հարկային բեռի ավելացման հետևանքով հունվարի 1-ից տեղական արտադրության սիգարետները 1 տուփի հաշվով պետք է թանկանային 15 դրամով, սակայն թանկացել են 20 դրամով: Արդյունքում՝ մոտավոր հաշվարկներով մեկ տարվա կտրվածքով տեղական արտադրողները և իրացնողները կստանան մինչև 500 մլն դրամ լրացուցիչ եկամուտներ։ Ի դեպ, ներկրված սիգարետների գները մնացել են անփոփոխ:
Տեղական սիգարետների գների՝ նախատեսվածից 5 դրամով ավելի աճը օբյեկտիվ պատճառներ ունի, և պայմանավորված չէ արտադրողների և իրացնողների սուբյեկտիվ գործոնով։ Մանրածախ առևտրում սիգարետների գների բարձրացումը 15 դրամով գործնականում անհնար է, քանի որ առաջ է գալիս մանրադրամի վերադարձի խնդիրը։ Այսօր Հայաստանում դրամի կանխիկ շրջանառությունում ամենափոքր մանրադրամը 10-դրամանոցն է, ինչը նշանակում է, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում մանրածախ առևտրում հնարավոր չէ վերադարձնել 5 դրամ մանրը։ Թեև մանրածախ առևտրի ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնել են մանրադրամի խնդրի մասին և ԿԲ-ին առաջարկել նորից շրջանառության մեջ դնել «մանր» դրամները՝ որպես գնաճը զսպելու հավելյալ միջոց, ԿԲ-ն այդ քայլին այդպես էլ չգնաց։
Մանր դրամների բացակայության հետևանքով տեղական մեկ տուփ սիգարետների մասով 15 դրամը կլորացվել է 20 դրամի։ Առաջին հայացքից 5 դրամը այդքան էլ մեծ գումար չէ, բայց այն մեկ տարվա կտրվածքով տեղական սիգարետ արտադրողներին և իրացնողներին կապահովվի հավելյալ 500 մլն դրամի եկամուտներ։
Թեև հարկային բեռի ավելացում տեղի է ունեցել նաև ներկրվող սիգարետների մասով, վերջիններիս գները մնացել են անփոփոխ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Այսպես, Հայաստանում սիգարետ ներկրող ընկերությունները հիմնականում փոխկապակցված են իշխանությունների հետ, և նրանք մինչև նախագահական ընտրությունները թերևս ձեռնպահ մնան գների փոփոխությունից։
Բացի այդ, ի տարբերություն տեղական արտադրողների, որոնք հարկերը վճարում են իրացումից հետո, ներկրողները հարկային պարտավորությունները կատարում են սահմանին։ Որ հունվարի 1-ից հարկային բեռն ավելանալու էր, հայտնի էր նախօրոք, և ամենայն հավանականությամբ՝ ներկրողներն անցած տարեվերջին մեծ քանակությամբ սիգարետներ են ներկրել՝ հարկերը վճարելով 2012թ. դրույքներով։ Արդյունքում այս տարի նրանք՝ մինչև նոր խմբաքանակի ներկրումը, տևական ժամանակ կարող են չբարձրացնել գները, քանի որ հարկային բեռի ավելացումը նախորդ խմբաքանակի վրա չի տարածվել։
Թեև գների բարձրացումը գայթակղիչ է, քանի որ կարող է լրացուցիչ եկամուտներ ապահովել, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի ներկրողները նախընտրել են հնարավորինս երկար գները անփոփոխ թողնելու եղանակով ավելացնել իրենց մասնաբաժինը շուկայում և այդ ճանապարհով լրացուցիչ եկամուտներ ստանալ։
Տեղականը զիջում է դիրքերը
Տեղական սիգարետների գների բարձրացման ֆոնին ներկրվածի գների անփոփոխ մնալու արդյունքում նույն կարգում գտնվող տեղական սիգարետները գնային առումով կդառնան նվազ մրցունակ։
Որ Հայաստանի ներքին շուկայում տեղական սիգարետները զիջում են դիրքերը, երևում է պաշտոնական վիճակագրությունից։ Այսպես, եթե 2010թ. տեղական սիգարետների մասնաբաժինը ներքին շուկայում կազմում էր 55%, ապա 2011թ. այն կրճատվել է մինչև 42%, իսկ անցած տարվա ինն ամիսներին՝ մինչև 40,6%:
«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում 2010թ. կատաված փոփոխությունների նպատակն էր տեղական և ներկրված սիգարետների հարկադրույքների միջև առկա տարբերությունը կրճատել և հարկման հավասար դաշտ ստեղծել։ Ժամանակը, սակայն, ցույց է տալիս, որ հարկման ներկայիս պայմաններում տեղական արտադրողները զիջում են մրցակցային պայքարում։
Civilnet











