Ասիական զարգացման բանկը քննարկում է Հայաստանի էներգետիկ ոլորտին նոր վարկային միջոցներ տրամադրելու հնարավորությունը։ $50 մլն կուղղվի ծրագրի իրականացմանը, որը կառավարությունը սկսել է ճապոնական միջոցներով։
ԱԶԲ-ն ներկայում քննարկում է Հայաստանում «Էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքների վերականգնման» $64 մլն ընդհանուր արժողությամբ ծրագրին $50 մլն-ի վարկ հատկացնելու հնարավորությունը։ Թե ինչ պայմաններով են տրվելու վարկային միջոցները, բանկի պաշտոնական կայքում դեռևս չի նշվում։
Համաձայն բանկի տեղեկատվության՝ ծրագիրն ուղղված է Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։ Այն բաղկացած է լինելու երկու բաղադրիչից. էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման (SCADA) համակարգի ընդլայնում և 220 կՎ հզորությամբ ութ ենթակայանի վերակառուցում։
SCADA համակարգում նախատեսվում է բարձրացնել վերահսկողության մակարդակը, ներդնել ռելեային կառավարման ու հեռակառավարման համակարգ՝ դիսպետչերական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
SCADA (Supervisory Control and Data Acquisition) համակարգը գործարկվել է 2010թ. հոկտեմբերին՝ ճապոնական միջոցներով: Հայաստանի կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվել են շուրջ $56 մլն-ի վարկային միջոցներ՝ SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման և 110 կՎ հզորությամբ ենթակայանների վերակառուցման նպատակով։ Այս ծրագրով նախատեսված խորհրդատվական ծառայությունների համար հատկացված վարկային միջոցները տրամադրվել են 40 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ (տարեկան տոկոսադրույքը՝ 0,75 %)։ Ապրանքների ձեռքբերման համար հատկացված վարկային միջոցների մարման ժամկետը 30 տարի է, որից 10 տարին՝ արտոնյալ (տարեկան տոկոսադրույքը 1,8%)։
Civilnet











