Անցյալ տարի Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում 2,3 անգամ ավելի շատ դոլար է վաճառել, քան գնել. այս պայմաններում ազգային արժույթը արժեզրկվել է 5,9%-ով։ ԿԲ-ն արտարժույթ վաճառել է հիմնականում առաջին կիսամյակում, երբ փոխարժեքը հասել էր Դ420/$1-ի։
2012-ին լողացող քաղաքականության պայմաններում Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայում՝ հիմնականում բորսայի միջոցով, վաճառել է $131 մլն։ Միևնույն ժամանակ ձեռք է բերվել $57,77 մլն, որից ընդամենը 32,8%-ն է գնվել բորսայից։ Արտարժութային շուկայում ԿԲ միջամտությունը նապատակաուղղված է եղել դրամի կտրուկ արժեզրկումը՝ առաջին կիսամյակում, իսկ հետագայում՝ կտրուկ արժևորումը, հարթելուն։
Համեմատության համար՝ 2011թ. ԿԲ-ն արտարժույթի շուկայում վաճառել է $130 մլն, գնել՝ $39 մլն։ Թեև և՛ 2011-ին, և՛ անցած տարի ԿԲ-ի միջամտությունները արտարժութային շուկայում գումարային արտահայտությամբ գրեթե նույն ծավալի են եղել, առկա են ժամանակային որոշ շեղումներ։
Անցած տարի ԿԲ-ն արտարժույթ վաճառել է առավելապես տարվա առաջին կեսին, իսկ երկրորդին՝ հիմնականում գնել է։ Մյուս տարբերությունն այն է, որ 2012թ. ԿԲ արտարժույթի 2/3-ը ձեռք է բերել ոչ բորսայից։ Իսկ թե որտեղից է այն ձեռք բերվել՝ ԿԲ-ի վիճակագրական տվյալներից չի երևում։
Թեև ԿԲ-ն վերջին երկու տարիներին բորսայում գրեթե նույն ծավալի գործարքներ է իրականացրել, 2012թ. դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 5,9%-ով գերազանցել է 2011թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը։ Պարզ ասած՝ դրամն արժեզրկվել է 5,9%-ով կամ 22,74 կետով, այն դեպքում երբ 2011թ. դրամը տարեկան կտրվածքով արժեզրկվել էր 6,2%-ով կամ 22,48 կետով։
Civilnet











