Գլխավոր Լրահոս

Պետպարտքը շարունակում է թանկանալ

Պետպարտքը շարունակում է թանկանալ

Ֆինանսների նախարարությունը տարին սկսել է թանկ միջոցների ներգրավմամբ։ 2013-ի առաջին թողարկման միջնաժամկետ պարտատոմսերը տեղաբաշխման առաջին իսկ օրը այդքան էլ պահանջարկված չեն եղել։ Արդյունքում դրանց եկամտաբերությունն աճել է 1 տոկոսային կետով։

Հունվարի 10-ին կայացել է պետական պարտատոմսերի այս տարվա առաջին տեղաբաշխումը։ Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխման էր հանել Դ3,5 մլրդ-ի միջնաժամկետ պարտատոմսեր։ Աճուրդին մասնակցած յոթ գործակալների կողմից պահանջարկը եղել է ընդամենը Դ2,945 մլրդ-ի։ Աճուրդի արդյունքներով նախարարությանը հաջողվել է տեղաբաշխել Դ2,81 մլրդ-ի պարտատոմսեր կամ նախատեսված ծավալի 80%-ը։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 15,38%, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 15,49%։

Պարտատոմսերի նկատմամբ ցածր պահանջարկն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 25-ին կայացած երկու տեղաբաշխումներում միջնաժամկետ պարտատոմսերի պահանջարկը մի դեպքում տեղաբաշխման ծավալը գերազանցել էր 35%-ով, մյուս դեպքում՝ 65%-ով։

Բայց այն, որ ընթացիկ տարին մեկնարկել է պետական պարտատոմսերի ցածր պահանջարկով, անցած տարվա վերջի համեմատ պարտատոմսերի եկամտաբերությունը կտրուկ աճ է արձանագրել։ Դեկտեմբերի 25-ին տեղաբաշխված միջնաժամկետ պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14,26% և 14,34%։ Անցած տարվա հունվարի 10-ին միջնաժամկետ պարտատոմսերը տեղաբաշխվել էին 14,78% եկամտաբերությամբ։

2013-ի առաջին տեղաբաշխումը ցույց է տալիս, որ տարվա կտրվածքով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շարունակելու է աճել, ինչը նաև օբյեկտիվ պատճառներ ունի, մասնավորապես՝ նախորդ տեղաբաշխումների սպասարկման, մարման ու պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման անհրաժեշտությունը։

2013թ. պետբյուջեով նախատեսված է պետպարտատոմսերի շուրջ Դ29,7 մլրդ սպասարկման ծախս և Դ30,2 մլրդ դեֆիցիտի ֆինանսավորում՝ պարտատոմսերի տեղաբաշխման ճանապարհով։ Եթե հաշվի առնենք, որ տարվա ընթացքում անհրաժեշտ է լինելու մարել ևս Դ60 մլրդ-ի պետական պարտատոմսեր, որից Դ36 մլրդ-ը՝ կարճաժամկետ, հասկանալի է, որ կառավարությունը նախորդ տարիների պես շուկայից միջոցները ներգրավվելու է ցանկացած գնով։

Ուշագրավ է, որ անցած տարի թեև պետբյուջեով նախատեսված էր պետական պարտատոմսերի միջոցով դեֆիցիտի ֆինանսավորմանը ուղղել Դ30,2 մլրդ, իրականում ուղղվել է Դ32,33 մլրդ։ Բացի այդ՝ տեղաբաշխումից ստացված միջոցներից Դ23 մլրդ ուղղվել պարտատոմսերի սպասարկմանը և Դ25,76 մլրդ՝ հետգնումներին։ Արդյունքում մեկ տարվա ընթացքում բոլոր պարտատոմսերի միջին եկամտաբերությունն ավելացել է 0,5 տոկոսային կետով՝ հասնելով 13,58%-ի։ Պարզ ասած՝ անցած տարի պետական պարտքը շարունակել է թանկանալ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում