Գլխավոր Լրահոս

Նկատե՞լ եք՝ որ նորամուծություններին է դեմ արտահայտվում ԿԸՀ-ն

Ըստ իս, նախագահի ընտրություններում ամենահակասականը միշտ եղել է ԿԸՀ-ի դերը: Իշխանությունը գրեթե ամեն ընտրությունից առաջ փոխել է ԿԸՀ ղեկավարին, բայց այդպես էլ ընտրությունների ժամանակ այդ հիմնարկին «մարդկային դեմք» չի հաղորդվել: Փոխել է նույնիսկ ձևավորման կարգը: Ոչ մի օգուտ: Ի՞նչն է պատճառը: Պատճառն այն է, որ այն միշտ ձևավորվել է ապառիկ երախտագիտության սկզբունքով՝ մենք քեզ՝ պաշտոն, դու մեզ՝ ձկան համրություն այն ամենի դեմ, որը կհակասի օրենքին:

ԿԸՀ-ն իր պատմության մեջ միայն մեկ անգամ է իշխանության կամքին հակառակ որոշում կայացրել. 1998թ. որոշեց, որ Ռուսաստանի մի քանի քաղաքներում ապրող հայերը չեն կարող մասնակցել նույն տարվա նախագահի ընտրություններին: ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը որոշումը համարեց անօրինական: Նկատեցի՞ք: Անմեղ որոշում էին կայացրել: Սակայն  որևէ օրենք չէին վկայակոչել: Ինչո՞ւ հենց Ռուսաստանում բնակվող հայաստանցիները չեն կարող մասնակցել, ինչո՞ւ հատկապես մի քանի քաղաքների հայերը: Հայտնի է, որ Հայաստանում օրինական ընտրություններ գրեթե երբեք չեն անցկացվել: Ընտրությունների օրերին ԿԸՀ-ն դառնում է «ամենախարիզմատիկ» մարմինը: Նրա ասածն ասած է, արածը՝ արած: Այս մարմնի վրա օրինականության ոչ մի փիլիսոփայություն չի տարածվում: Եթե մի որոշում է չեղյալ համարում, ապա նախկին ընտրություններին քննություն բռնած մի որոշում: Փաստը, որ ամեն անգամ ԿԸՀ-ն որևէ նորամուծություն է մտածում, խոսում է այն մասին, որ նախորդ ընտրությունը օրենքի սահմաններում չի անցել:

Այնուամենայնիվ, նկատե՞լ եք, թե որ նորամուծություններին է դեմ արտահայտվում այդ մարմինը: Դրանցից մեկը դրսի հայաստանցիների քվեարկության իրավունքն է: Մյուսը քվեարկած ընտրողների ստորագրությունների ցուցակներն են: Անձամբ ես կարծում եմ, որ կարելի է կեղծել և՛ դրսի քվեարկությունները, և՛ ստորագրությունների ցուցակները: Սակայն ԿԸՀ-ն ծպտուն չի հանում (թեպետ այս փոփոխությունները ԱԺ-ն պիտի ընդունի), որովհետև նրա անգործության փիլիսոփայության մեջ սրանք չեն տեղավորվում: Նա չի կարող անել բաներ, որոնք նրա փոխարեն անում են թաղային հեղինակությունները, մյուս ընտրակեղծարարները: Նա ուզում է, որ բոլոր ցուցակները, քվեաթերթիկներն իր մոտ հասնեն արդեն «կուսական»՝ իդեալականորեն կեղծված վիճակում: Այս պահին, հավանաբար, «կոնսենսուս» չկա իդեալական կեղծման կամ շրջանցման տարբերակների շուրջ: Իսկ ո՞վ չգիտի, որ ԿԸՀ-ն ձևավորվել է, որպեսզի գործ չանի: Օրինակ, մարդիկ՝ պատգամավորներ, առաջարկում են, չէ՞, նախագահի ընտրությունների քարոզարշավի հեռուստաքարոզչության ժամերը սահմանել ժամը 20-ից մինչև 24-ը: Կարող է, չէ՞, ԿԸՀ-ն փորձագիտական եզրակացություն ներկայացնել հետևյալ ձևակերպմամբ՝ անձամբ մենք խնդիր չենք տեսնում: Կամ, ընդհակառակը, տեսնում ենք: Ոչ: Ծպտուն չկա: Որովհետև այս առաջարկներից հակաիշխանական քարոզչության հոտ են առնում: Իսկ այդ հոտը դեմ է իրենց ախորժակին: Մարդիկ չեն կարող խոստովանել (և դա, որոշ իմաստով, մարդկային է), որ չեն կարող սոված մնալ: Այսինքն, չկա ժողովրդավարական կամ հակաժողովրդավարական ընտրություններ անցկացնելու խնդիր: Կա սեփական ախորժակը զգաստ պահելու խնդիր: ԿԸՀ-ն իր ախորժակը հանձնել է նրանց, ովքեր այսօր, այստեղ և այս պահին կարող են դա երաշխավորել: Իսկ ցանկացած ախորժակ, հայտնի բան է, քաղաքացիական հասարակությունից ձախ է: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ քաղաքացիական հասարակությունն է ձախ վիճակում, այսինքն, «օրենքից դուրս»: Մի հարցնող լինի, վերջին մեկ-երկու տարում դուք Սերժ Սարգսյանի իշխանությանը վտանգով որևէ սյուք նկատե՞լ եք ՀՀ կոչվող տարածքի երկնակամարում:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում