Գյումրին տեխնոլոգիական քաղաքի «վերածած» հիմնադրամը այսուհետ զբաղվելու է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության իրականացումով։ Գյումրիի տեխնոպարկում մոտ Դ620 մլն պետական միջոցներ ծախսած հիմնադրամը այս տարի կծախսի Դ500 մլն հայկական ընկերություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վրա։
Կառավարությունն այս տարի արդյունաբերական խոշոր ձեռնարկություններին, մասնավորապես՝ արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին Դ500 մլն-ի ֆինանսական և տեխնիկական աջակցություն կցուցաբերի՝ ձեռնարկությունների առաջընթացին ուղղված միջոցառումների, այդ թվում՝ ցուցահանդեսների համար։ Այս մասին երեկ նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ներկայացնելով Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամի հիմքի վրա ստեղծված Արդյունաբերական հիմնադրամի առաջին նիստի արդյունքները։ «Հիմնադրամը կունենա Դ500 մլն ռեսուրս, որից 300 մլն-ը բյուջետային միջոցներ են»,– ասաց Դավթյանը։
Գործադիրի՝ անցած տարվա նոյեմբերի որոշմամբ Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամը վերանվանվեց Արդյունաբերության զարգացման հիմնադրամ։ Այն պետք է լինի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության ծրագրի կատարման գլխավոր օպերատորը։
Կառավարությունը Հայաստանի արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացումը վստահել է մի հիմնադրամի, որն այս տարիներին իրեն դրսևորել է ոչ այնքան դրական լույսի ներքո։ Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ., 2010թ. ճանաչվել Գյումրիի տեխնոպարկի ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր: Այս ընթացքում պետբյուջեից հիմնադրամը ստացել էր մոտ Դ620 մլն։ Իսկ Գյումրին դեռ հեռու է տեխնոքաղաք հիշեցնելուց։
Ստացվում է, որ Գյումրին տեխնոպարկ դարձնելու ծրագրի տապալումը քողարկելու համար նախագծի հիմնական պատասխանատու հիմնադրամը վերանվանվել է, և նրա առջև նոր խնդիրներ են դրվել։ Կառավարության կողմից «նոր» հիմնադրամի ստեղծումն ու պետբյուջեից միջոցների հատկացումը առնվազն տարօրինակ է այն պայմաններում, երբ այսօր արդեն իսկ առկա են մի քանի պետական կառույցներ, որոնց նպատակն է օժանդակել տնտեսավարողներին։ Խոսքը, մասնավորապես, Փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոնի, Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) մասին է։ Նորաստեղծ հիմնադրամի և ԶՀԳ-ի նպատակները, ըստ էության, նույնն են լինելու։
Երկնիշ աճ՝ դանդաղման միտումով
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ակնկալում է, որ այս տարի արդյունաբերության ոլորտում կարձանագրվի 9,2% աճ։ Թեև ցուցանիշը մոտ է երկնիշի, արդյունաբերության զարգացումը դանդաղման միտում ունի։ 2009թ. 6,9% անկումից հետո՝ 2010թ., ոլորտում արձանագրվեց 9,2% աճ, 2011թ. ոլորտի աճը կազմեց 13,5%, 2012թ. արդյունքների ամփոփումից հետո կարող է ստացվել 10% աճ։
Դավթյանը երեկ նշեց նաև, որ էկոնոմիկայի նախարարությունն իր առջև խնդիր է դրել առաջիկա տարիներին մեծացնել արդյունաբերության մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում՝ այն հասցնելով առնվազն 20-21%-ի: «Հայաստանի համար արդյունաբերությունն առաջնահերթություն է։ Երկիրը պետք է լինի արտադրող և արտահանող»,– ասաց նա՝ հավելելով, որ Եվրոպայում ռեցեսիայի պայմաններում շատ դժվար է ունենալ տնտեսական և արդյունաբերական լուրջ աճ։
Ըստ էության, առաջիկա տարիներին նախարարությունը նախատեսում է արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել 2003թ. մակարդակին։ Իհարկե, վերջին երեք տարիներին ՀՆԱ-ում գրանցվել է արդյունաբերության մասնաբաժնի ավելացում, այն, սակայն, պայմանավորված է ոչ միայն ոլորտի աճով, այլև շինարարության մասնաբաժնի անկումով։
Այսպես՝ եթե 2008թ. շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում էր 26,9%, ապա ճգնաժամային տարում արձանագրված անկման հետևանքով այն նվազել է մինչև 17,6%։ 2010-2011 թթ. ոլորտում անկումը շարունակվել է՝ ՀՆԱ-ում մասնաբաժինը նվազեցնելով համապատասխանաբար 16,9%-ի և մոտ 15%-ի։
Civilnet











