Ասիական զարգացման բանկի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ-3»-ով հատկացվելիք $180 մլն վարկային միջոցների պայմանագիրը կստորագրվի մոտ երկու ամիս ուշացումով։ Կառավարությանը հաջողվել է ավարտել բանակցությունները բանկի հետ, փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել հունվարի ընթացքում, թեև կարող էր ստորագրված լինել 2012թ. դեկտեմբերին։
Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) անցած տարվա նոյեմբերի վերջին պետք է հաստատեր և հատկացներ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ-3»-ով նախատեսվող $180 մլն վարկային միջոցները, ինչը, սակայն, ձգձգվեց կառավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ «Օրակարգի» աղբյուրների փոխանցմամբ՝ բանկն արդեն ավարտել է բանակցությունները կառավարության հետ։
Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև տարաձայնությունների հիմնական պատճառն այն էր, որ «Տրանշ-1»-ով և «Տրանշ-2»-ով նախատեսված աշխատանքների արժեքը ծրագրվածից ավելի է մոտ $10 մլն-ով։ Բանկը պնդում էր, որ այդ ճեղքվածքը, մասնավորապես «այլ ծախսերը» (առաջանալու դեպքում), կառավարությունը պետք է ֆինանսավորի սեփական միջոցներով, այնինչ գործադիրը ծրագրում էր դրանք ֆինանսավորել «Տրանշ-3»-ով հատկացվելիք վարկային միջոցների հաշվին։ Թե բանակցությունների արդյունքում ինչ լուծում են գտել կողմերը, «Օրակարգի» աղբյուրները չեն նշում։
«Տրանշ-1»-ով և «Տրանշ-2»-ով ճեղքվածքն առաջացել է այն բանի հետևանքով, որ կապալառուի մրցույթում տրանսպորտի և կապի նախարարությունը անցյալ տարի հաղթող է ճանաչել իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությանը, որը Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ և Աշտարակ-Թալին ընդհանուր առմամբ 82 կմ երկարությամբ ճանապարհահատվածների վերակառուցումը համաձայնել է իրականացնել $250 մլն-ով։ Ընկերության պահանջած գումարն ավելի է, քան նախատեսվում էր աշխատանքների համար։ «Տրանշ-1»-ով ԱԶԲ-ն հատկացրել է $60 մլն, իսկ «Տրանշ-2»-ով՝ $170 մլն։
Թեև «Տրանշ-3»-ի վարկային պայմանագիրը նախատեսված է ստորագրել հունվարի ընթացքում, այն պետք է վավերացնի նաև Ազգային ժողովը, լավագույն դեպքում՝ փետրվարի 4-7-ի քառօրյայում։ Դրանից հետո տրանսպորտի և կապի նախարարությունը պետք է հայտարարի Թալին-Գյումրի 46 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների միջազգային մրցույթ։ Հաշվի առնելով ընթացակարգային հարցերը՝ շինաշխատանքների կապալառուն միգուցե հայտնի լինի տարվա երկրորդ կեսին։ Եթե հետագայում նոր խնդիրներ չծագեն, «Տրանշ-3»-ով նախատեսված աշխատանքները, այսպիսով, ժամանակացույցից հետ կընկնեն առնվազն մեկ ամսով։
Ենթակառուցվածքային այս նախագծի համար ձգձգումները կարծես օրինաչափ են դարձել։ ԱԶԲ-ն «Հյուսիս-Հարավ» $500 մլն արժողությամբ վարկային ծրագիրը հաստատել է 2009թ. սեպտեմբերին։ Թեև «Տրանշ-1»-ը ($60 մլն) և «Տրանշ-2»-ը ($170 մլն) հաստատվել են 2010թ., սակայն աշխատանքների իրականացման կապալառու ընկերության մրցույթների կազմակերպման և անցկացման դանդաղ ընթացքը ծրագրի իրականացումը հետ է գցել առնվազն մեկ տարով։
Աշխատանքները ժամանակին չի սկսել նաև Corsan Corviam Construccion S.A ընկերությունը։ Ապրիլի 27-ին կառավարության հետ պայմանագրի ստորագրումից հետո ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը վստահեցնում էր, որ 82 կմ ճանապարհահատվածի վերակառուցման և կառուցման աշխատանքները կսկսվեն մոտ մեկ ամիս հետո։ Շինաշխատանքների մեկնարկը իրականում տրվեց սեպտեմբերի 13-ին կամ խոստացված ժամկետից 4 ամիս անց։
Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված «Տրանշ-1» և «Տրանշ-2» պայմանագրերով նախանշված է, որ Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցումը՝ 2014թ. դեկտեմբերին։ Իսպանական ընկերությունը անցած ապրիլին խոստացել է Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները կառուցել և վերակառուցել 18 ամսում (2013թ. աշնանը), իսկ Աշտարակ-Թալինը՝ 36 ամսում կամ 2015թ. աշնանը։ Եթե հաշվի չառնենք անգամ բնակլիմայական պայմանները, ակնհայտ է նախանշված ժամկետներից շեղումը։
ԱԶԲ-ի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» (երկարությունը՝ 556 կմ) նախագիծը պետք է ավարտվի մինչև 2017թ. վերջ։ Ծրագրի արդյունքում պետք է կառուցվի Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը, որը միանալու է Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցքին»՝ մինչև Փոթիի և Բաթումի նավահանգիստներ։ «Հյուսիս-Հարավի» ընդհանուր բյուջեն կազմում է $962 մլն, որից $500 մլն-ը ԱԶԲ վարկային միջոցներն են։ Դրանք հատկացվել են 32 տարով, որից 8 տարին՝ արտոնյալ ժամկետով (արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, հետագայում՝ 1,5%)։ Կառավարության համաֆինանսավորումը $462 մլն է, որից $177 մլն-ը՝ հարկերի, $285 մլն-ը՝ ուղղակի ֆինանսավորման տեսքով։

Civilnet










