Համաշխարհային բանկը 2013թ. համար Հայաստանում կանխատեսում է 4,3% տնտեսական աճ, այն դեպքում, երբ կառավարությունը բյուջեի հիմքում դրել է 6,2% ցուցանիշը: Բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» (Global Economic Prospects) զեկույցում 2014-2015 թթ. համար Հայաստանում կանխատեսվում է 4,4% տնտեսական աճ:
ՀԲ-ն իր նախորդ՝ հունիսյան զեկույցում, 2013-ին Հայաստանում կանխատեսել էր 4,2%, իսկ 2014-ին՝ 4,5% տնտեսական աճ: Փաստորեն, Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը այս տարվա համար 0,1 տոկոսային կետով դեպի բարձրացում է վերանայվել, 2014-ի համար՝ նույնքանով նվազեցվել։ Թեև կառավարությունը հայտարարում է, որ 2012թ. տնտեսական աճը կազմել է 7,1%, ՀԲ-ն նշում է 6,8% ցուցանիշը։
ՀԲ մասնագետները 2013թ. Վրաստանում ակնկալում են 5,1% տնտեսական աճ, 2014թ.՝ 5,4%: 2013թ. Ադրբեջանում, ըստ ՀԲ-ի, ՀՆԱ աճը կկազմի 4,2%՝ 2014թ. նվազելով մինչև 3,7%:
Գլոբալ տնտեսությանը, համաձայն զեկույցի, 2013թ. միայն աննշան աճ կարձանագրի, և իրադրությունը, ընդհանուր առմամբ, կշարունակի անկայուն մնալ: 2012թ. գլոբալ տնտեսական աճը, համաձայն բանկի նոր զեկույցի, կազմել է 2,3%՝ հունիսյան 2,5% կանխատեսման դիմաց։ 2013թ. ՀԲ-ում ակնկալում են 2,4% գլոբալ տնտեսական աճ։
Ըստ ՀԲ մասնագետների՝ իրադրությունը կբարելավվի միայն միջնաժամկետ հեռանակարում։ Այսպես՝ 2014թ. գլոբալ տնտեսական աճը կկազմի 3,1%, 2015թ.՝ 3,4%: Աճի հիմնական շարժիչ ուժը կլինեն զարգացող տնտեսությունները: ՀԲ-ն կարևորել է այս երկրների կողմից տնտեսական աճի պահպանմանն ուղղված միջոցառումները։
ՀԲ ղեկավար Ջիմ Յոն Քիմի խոսքով՝ վերականգնման գործընթացը շարունակում է մնալ անկայուն և անորոշ։ Ըստ նրա՝ ՀԲ-ն պետք է աջակցի զարգացող երկրներին ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության ոլորտի ներդրումների հարցում, ինչը տնտեսական աճի տեմպի արագացման համար լավ հիմք կստեղծի:
2012թ. ՀՆԱ աճը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կազմել է 3%՝ 2011թ. 5,5%-ի համեմատ: Կրճատումը պայմանավորված է արտաքին թույլ պահանջարկով, անցած ամռանը արձանագրված երաշտով, գնաճային ճնշումներով: 2013թ. այս տարածաշրջանում ՀՆԱ աճը կկազմի 3,6%: Միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանը էապես կախված կլինի ինչպես արտաքին գործոններից, մասնվորապես՝ արտաքին ընթացիկ հաշիվների բացասական հաշվեկշիռ, այնպես էլ ներքին՝ դրամավարկային զգալի դեֆիցիտ, գործազրկության աճ և բարձր գնաճ։
Ըստ ՀԲ-ի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի երկրներում ՀՆԱ աճի տեմպի վրա շարունակում է բացասաբար ազդել անորոշ քաղաքական իրավիճակը։ Այդուհանդերձ, 2012թ. տարածաշրջանի տնտեսությունն աճել է մինչև 3,8%, ինչը պայմանավորված է եղել հիմնականում Լիբիայում նավթի արդյունահանման վերականգնմամբ և Իրաքի տնտեսական ցուցանիշների բարելավմամբ։
Տնտեսական աճի դանդաղում է արձանագրվել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Հարավային Ասիայում: Զեկույցի համաձայն՝ 2013-2014թթ. այս տարածաշրջաններում տնտեսությունը միայն աննշան աճ կարձանագրի։
Civilnet











