Գլխավոր Լրահոս

Ինչ կկորցնեք, եթե ընտրությունների չգնաք

Հասարակությունն ընտրությունների է գնում՝ իր կամ երկրի համար այդպես էլ չհստակեցնելով՝ 5 տարի առաջ մարտի 1-ին ով սպանեց տասը հոգու։ Այսինքն, ընտրությունների է գնում այդպես էլ որևէ երաշխիք չստեղծելով կամ չունենալով, որ մարտի 1-ն այլևս չի կրկնվի։ Հասարակությունն ընտրությունների է գնում ամեն ինչ արդեն քաղաքական անդեմության մեջ դիտարկելով՝ ով է երկրորդ տեղի հավակնորդը։ Որովհետև հասարակությունը դադարել է լինել յուրաքանչյուրի կոնկրետ գոյության ամբողջությունը։ Հասարակությունը ընտրությունների է գնում որպես վիճակագիր։ Վիճակագրությունը, հայտնի բան է, որևէ բարոյական հասկացության հետ ընդհանուր ոչինչ չունի, ընդհակառակը, վիճակագրությունը սիրում է  «աշխատել» անբարոյականության հետ։

Հասարակությունն ընտրությունների է գնում այդպես էլ չհասկանալով՝ եթե վիճակն իսկապես բոլորի համար նույնքան վատ է, որ ավելի վատ չի կարող լինել, ինչու են ընտրություններին չմասնակցելու երեք քաղաքական ուժերի ղեկավարության պատճառաբանություններն այդքան տարբեր: Հասարակությունը գնում է ընտրությունների՝ այդպես էլ գլխի չընկնելով, թե ընտրությունների հետ ինչ կապ ունեն Սահմանադրությունը և «Ընտրությունների մասին» օրենքը, եթե երկրում չկա իշխանության գոնե կես ներկայացուցիչ, որը երբևէ երաշխավորած լինի ազատ և արդար ընտրության անցկացումը: Փաստ է, որ հասարակությունը շփոթված է, փաստ է, որ նախագահի առաջիկա ընտրություններից նա տուն-տունիկի հոտ է առնում: Փաստ է նաև, որ այս ընտրությունները մի տեսակ քաղաքական անապատում են ծավալվում: Բայց անհասկանալի է՝ ինքը՝ հասարակությունն ինչո՞ւ է իշխանության պես անհետևողական:

Հինգ տարի առաջ Սերժ Սարգսյանը Ստեփանավանում խոստանում էր, որ հինգ տարի հետո յուրաքանչյուր հայաստանցի կրկնակի լավ է ապրելու: Ինչո՞ւ այդ խոստման գոնե 10 տոկոսը չբավարարելով՝ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունի մտածելու, որ այլընտրանք չունի: Հետևաբար կարելի՞ է մտածել, որ չառաջադրված քաղաքական դեմքերը նույնիսկ խոստանալու բան չունեն: Հասարակությունն ընտրությունների է գնում այդպես էլ Սերժ Սարգսյանի շուրթերից սոցիալական որևէ ծրագրի ամփոփում չլսելով:

Հասարակությունն ընտրությունների է գնում այդպես էլ խորհրդարանի օլիգարխական պատկերի փոփոխություն կամ բացառում չտեսնելով: Ուրեմն ինչու՞ են երկրում տեղի ունենում ընտրությունները: Ուրեմն ինչու՞ հասարակությունն ինքը չի խոստովանում, որ առաջադրված կամ չառաջադրված թեկնածուներից ոչ մեկից ինքը սպասելիքներ չունի: Եվ ուրեմն, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը «ապահով Հայաստան» խոստանալով պետք է իր խոսքերի տերը լինի, եթե խոստանալուց առաջ նա բացառել է մրցակցության մթնոլորտը (թեպետ, ըստ իս, այդ բացառման մեջ ընդդիմությունը ևս դեր ունի):

Այս հարցերը և տագնապները իրականում մեկ բան հասկանալու նպատակ ունեն՝ հայաստանցու ինչին են պետք ընտրությունները, ինչ հարց է լուծում նա ընտրատեղամաս շտապելով, ինչ հարց է լուծում ընտրություններից հետո երկրից հեռանալով: Երբ Սերժ Սարգսյանը խոսում է ապահով Հայաստանից, ինչո՞ւ նա չի փաստում նախորդ կարգախոսի արդյունավետությունը: «Առաջ, Հայաստանը», հատկապես ո՞ւր հասած Հայաստանի մասին է կարգախոսից հինգ տարի հետո: Հատկապես ի՞նչ է արվել՝ միջին խա՞վն է ավելացել, տրանսֆերտնե՞րն են կորցրել իրենց կարևորությունը, աղքատությո՞ւնն է պակասել: Եվ եթե իսկապես գործ է արվել, ինչո՞ւ են ՀՀԿ-ի արծիվները կրկին տնետուն ընկած ճշտում, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ: Եվ վերջապես ով կարող է ասել՝ ինքն անձնապես ինչ կկորցնի, եթե պարզապես ընտրությունների չգնա:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում