Գլխավոր Լրահոս

Զարգացնելով վարկավորվող էներգետիկան

Զարգացնելով վարկավորվող էներգետիկան

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) քննարկում է Հայաստանի էներգետիկ ոլորտին նոր վարկային միջոցներ տրամադրելու հնարավորությունը։ Բանկը ծրագրում է $50 մլն հատկացնել Հայաստանում ներքին սպառողների համար նախատեսված էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը, այն դեպքում, երբ հարևան Վրաստանում $48 մլն է ուղղելու արտահանման ենթակառուցվածքների զարգացմանը։

ԱԶԲ-ն ներկայում քննարկում է Հայաստանում «Էլեկտրաէներգիայի փոխանցման ենթակառուցվածքների վերականգնման» $64 մլն ընդհանուր արժողությամբ ծրագրին $50 մլն վարկ հատկացնելու հնարավորությունը։ Թե ինչ պայմաններով են տրվելու վարկային միջոցները, բանկի կայքէջում չի նշվում։

Համաձայն ԱԶԲ տեղեկատվության՝ ծրագիրն ուղղված է Հայաստանի էներգետիկ համակարգի արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։ Այն բաղկացած է լինելու երկու բաղադրիչից՝ էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման (SCADA) համակարգի ընդլայնում և 220 կՎ հզորությամբ ութ ենթակայանի վերակառուցում։ SCADA համակարգում նախատեսվում է բարձրացնել վերահսկողության մակարդակը, ներդնել ռելեային կառավարման ու հեռակառավարման համակարգ՝ դիսպետչերական աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Թեև ծրագիրը գնահատված է $64 մլն, և ԱԶԲ-ն պատրաստ է հատկացնել $50 մլն-ը, ծրագրի վերջնական արժեքն ու բանկի հատկացվելիք միջոցների ծավալը կախված է լինելու կառավարությունից։

Ուշագրավ է, որ անցած տարվա վերջին ԱԶԲ-ն հաստատել է Վրաստանի էներգետիկ ոլորտում իրականացվելիք $48 մլն վարկային ծրագիր, որը, ի տարբերություն հայկականի, ուղղված է լինելու արտահանման էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը։
Երկու երկրներում էներգետիկ տարբեր ուղղվածության վարկային ծրագրերի իրականացումը առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից նախանշված առաջնայնություններով։ Ստացվում է, որ թեև Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր դրվածքային ավելի քան 3,5 հազ. ՄՎտ հզորությունից օգտագործվում է շուրջ 60%-ը, և շահագործման են հանձնվում նոր հզորություններ, կառավարությունը մեծ հույսեր չի կապում էլեկտրաէներգիայի արտահանման հետ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի էլեկտրաէներգիայի ավելացուկ, ընդ որում՝ մրցունակ ավելցուկ։

Վարկային միջոցներով ներքին սպառողների համար նախատեսված ենթակառուցվածքների վերանորոգումը նշանակում է, որ վարկի սպասարկումը դե ֆակտո դրվելու է սպառողների ուսերին։

SCADA (Supervisory Control and Data Acquisition) համակարգի համար նոր միջոցների ներգրավումը զարմանալի է այնքանով, որքանով այն գործարկվել է ոչ վաղ անցյալում՝ 2010թ. հոկտեմբերին, ճապոնական միջոցներով: Հայաստանի կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվել են շուրջ $56 մլն-ի վարկային միջոցներ՝ SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման և 110 կՎ հզորությամբ ենթակայանների վերակառուցման նպատակով։ Այս ծրագրով նախատեսված խորհրդատվական ծառայությունների համար հատկացված վարկային միջոցները տրամադրվել են 40 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ (տարեկան տոկոսադրույքը՝ 0,75%)։ Ապրանքների ձեռքբերման համար հատկացված վարկային միջոցների մարման ժամկետը 30 տարի է, որից 10 տարին՝ արտոնյալ (տարեկան տոկոսադրույքը՝ 1,8%)։

Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվում է ևս մեկ՝ $52 մլն արժողությամբ ծրագիր, որը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը։ 2011թ. մայիսին ՀԲ-ն $39 մլն է հատկացրել «Էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագրին, որի նպատակը Հայաստանում էներգամատակարարման հուսալիության բարձրացումն է։ Ծրագիրը ենթադրում է էլեկտրահաղորդման գծերի շուրջ 230 կմ հատվածի փոխարինման միջոցով էլեկտրահաղորդման ցանցի հիմնական հզորությունների բարելավում։ Ծրագիրը, ըստ էության, ուղղված է արտահանման հզորությունների ավելացմանը, սակայն միայն իրանական ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում