Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012թ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3,46 մլն տոննա, ինչը 5,8%-ով գերազանցում է 2011թ. ցուցանիշը։ 2012-ի դեկտեմբերի 21-ին ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտարարում էր, թե ընկերությունը տարին կփակի աճի մոտ 3% ցուցանիշով։
Ըստ ընկերության հաղորդագրության՝ արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 491,9 հազար տոննա, ինչը 9,4%-ով գերազանցում է 2011թ. ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012թ. փոխադրվել է 1,369 մլն տոննա բեռ, ինչը 2011թ. համեմատ ավելի է 1,4%-ով։ Բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 1,598 մլն (աճը՝ 8,9%)։
Ըստ ընկերության հաղորդագրության՝ 3,8%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012թ. հունվար-դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1451 տոննա՝ 2011թ. գրանցված 1398 տոննայի դիմաց։
ՀԿԵ-ի հաղորդագրությունում բերված տվյալները բավական ուշագրավ են, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 21-ին, ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հայտարարում էր, որ թեև տնօրենների խորհուրդն ընկերության 2012թ. բյուջեի հիմքում դրել է բեռնափոխադրումների ծավալների 6-տոկոսանոց աճ, այդուհանդերձ, տարին կփակվի մոտ 3% աճի ցուցանիշով։ Բյուջեն ծրագրավորելիս հիմք է ընդունվել կառավարության կողմից մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները։
Համաձայն ընկերության հաղորդագրության՝ բարելավվել է նաև լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը անցյալ տարի 2011թ. համեմատ արագացել է 0,6 օրով կամ 18,8%-ով։ Հունվար-դեկտեմբերին մեկ վագոնը շրջանառությունում է գտնվել միջինում 3,2 օր, իսկ միջին արտադրողականությունը կազմել է 4516 տկմ նետտո/վագոն, ինչը 17,8%-ով ավելի է 2011թ. ցուցանիշից:
Civilnet











