Երեկ Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին հայտարարում էին, որ հայ-վրացական հարաբերություններում չկան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել համատեղ քննարկումներով։ Ամեն դեպքում, երկու երկրների կառավարություններին ավելի քան երկու տարի պահանջվեց՝ մաքսային ոլորտում մեկ համաձայնագիր ստորագրելու համար։ Ընդ որում՝ արդեն երկու տարի է, ինչ կողմերին չի հաջողվում սկսել 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը։
Երեկ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների վարչապետների ներկայությամբ Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին ստորագրեցին ««Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը։
Երկու երկրների միջև համաձայնագրի ստորագրման որոշումը կառավարությունը հաստատել էր դեռևս 2011թ. փետրվարի 10-ին՝ Վրաստանի նախկին վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի երևանյան այցի նախօրեին (փետրվարի 16). փաստաթուղթն այն ժամանակ չստորագրվեց։
Հայ-վրացական հարաբերություններում սա միակ չլուծված խնդիրը չէ։
2010թ. Երևանում Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին պայմանավորվածություն էր ձեռք բերել Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին, որը պետք է սկսվեր 2011թ.։ Առ այսօր նախագիծը չի մեկնարկել, թեև առկա են նաև միջոցները։ 2008թ. Գերմանիայի կառավարությունը €20,4 մլն գումար է հատկացրել այս ծրագրին։
Ասուլիսին Իվանաշվիլին նշեց, որ քննարկվել են երկու կողմերին հետաքրքրող հարցեր, և ընդունվել են հետաքրքիր որոշումներ: «Մնացել են մի քանի հարցեր, որոնք լրացուցիչ քննարկման կարիք ունեն, բայց ես համոզված եմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համաձայնության գալ: Օդանավակայանի ճանապարհին խոսելիս պարոն վարչապետն ասել է, որ մենք ընդհանուր տնտեսական շուկա պետք է կառուցենք, ինչն ինձ համար շատ հաճելի է: Մենք փոքր երկրներ ենք, և համոզված եմ, որ ընդհանուր շուկա ստեղծելու գաղափարը շատ անհրաժեշտ կլինի մեր երկու երկրների ինտեգրացիայի համար։ Մենք նոր կառավարություն ենք, նոր իշխանություն և հույս ունենք բարելավել, զարգացնել հարաբերությունները հարևան երկրների հետ՝ առաջին հերթին տնտեսական առումով»,– ասաց Իվանիշվիլին։
Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց. «Մենք արձանագրեցինք, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևիցե մի հարց, որը մենք ի վիճակի չենք համատեղ քննարկումներով լուծել: Մենք արձանագրեցինք, որ կա երկու երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու մեծ ներուժ: Շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջը, որ նա մեր բոլոր խնդրանքներին դրական արձագանք տվեց: Մենք արագ ձևավորելու ենք աշխատանքային խմբեր և նախապատրաստելու ենք միջկառավարական հանձնաժողովի մեր հաջորդ հանդիպումը և բոլոր ոլորտներում ունենք բավական հետաքրքիր, հեռուն գնացող ծրագրեր»։
Civilnet











