Դեդ Հասանն ու հայաստանյան ընտրությունները
Ըստ իս` մեր հակամրցակցային նախագահական պայքարին Դեդ Հասանի մահն էր պակասում։ Հիմա, երբ այդ մարդը չկա, պետք է նոր թափ հաղորդվի հանրապետականների դեմ արդեն 15 տարի ծավալվող պայքարին, որը 5 տարին մեկ նմանվում է Դեդ Հասանի դեմ իրականացվող մահափորձերին։
Հիմա ավելի լուրջ։ Հայտնի է, որ քրեական այդ հեղինակությանը 5 անգամ փորձել են սպանել։ 6-րդ փորձը արդյունավետ էր։ Հայտնի է նաև, որ փետրվարի 18-ին Հայաստանը 6-րդ անգամ ընտրում է նախագահ։ Միայն մեկ անգամ է հաջողվել ընտրել նրան, ում ազգովի են տեսել նախագահի պաշտոնում։ Մեր երկրում ընտրությունների արդյունքները հիշեցնում են սեփական ժողովրդի հանդեպ իրականացվող մահափորձ։ Ընդ որում, ոչ միայն նախագահի ընտրությունները, այլև ԱԺ, տեղական ինքնակառավարման և Երևանի քաղաքապետի։ Իշխանությունը երկիր է յուրացնում մահափորձերի տրամաբանությամբ։ Ու սա այն դեպքն է, երբ ազգովի գիտեն, թե ով է քիլլերը։ Ու ոչինչ չեն կարողանում անել։ Մարդիկ ժպիտը դեմքներին ասում են, որ պայքարը լինելու է երկրորդ տեղի համար։ Ոնց որ ասեն, թե ով սպանելու իրավունք պիտի ունենա։ Եթե մի քաղաքում մարդ սպանեն ամեն օր, կգա մի պահ, որ այդ քաղաքում ոչ ոք արդեն չի մտածի սպանությունը դատապարտելու մասին։ Կգա մի պահ, երբ սպանելը կդառնա զբոսայգի գնալու նման մի բան։
Վերջին նախագահի ընտրություններն այդպիսի բան են դարձել։ Ոչ ոք այլևս չի ուզում պայքարել։ Հաշտվել են պարտվելու մտքի հետ։ Թեկնածուներից ոչ մեկը գլխի չի ընկնում, թե ինչ ծիծաղելի վիճակում է հայտնվել։ Քանի որ հպարտ է հնչում «նախագահի թեկնածու» ձևակերպումը, մեկ վայրկյան չեն փորձում մտածել, թե ինչ հարց են լուծում առաջադրվելով։ Գլխի չեն ընկնում, որ դարձել են ընտրապայքարի օլիգարխ։ Այսինքն, մրցակցից դարձել են հիմնական թեկնածուի բարեհաճ կողմնակից։ Ճիշտ է, նրանցից ոմանք ակամայից են դարձել այդպիսին։ Բայց խայտառակությունը հենց այս ակամայից է մեջ է, որովհետև հենց նրանք պիտի մտածեն, թե ուր են հայտնվել։ Իսկ մտածել արժե։
Այս ընտրություններում Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու եզակի հնարավորություն էր ստեղծված` նրան թողնել առանց մրցակցի։ Դա մնացած քաղաքական ուժերին հնարավորություն կտար համատեղ աշխատել ընտրություններում քվեարկված միակ թեկնածուին ընտրվելու համար բավարար ձայների քանակից զրկելու ուղղությամբ։ Այս մեթոդն իր քննությունը բռնել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում։ Եթե բոլոր թեկնածուները միայնակ թողնեին Սերժ Սարգսյանին ու համատեղ քաղաքական մյուս ուժերի հետ աշխատեին ընտրությունները բոյկոտելու ուղղությամբ, պարզ է, որ ընտրակաշառքներն ու ընտրախախտումները կդառնային անկառավարելի։ Իշխանությունը, որպես թրծված և ձևավորված քիլլեր, կկրակեր իր վերջին և անփոխարինելի փամփուշտը, այսինքն, կունենայինք պատմության մեջ ամենակեղծված ընտրությունները, որի ժամանակ միանգամայն սահմանադրական ճանապարհով առնվազն նոր ընտրությունների պահանջը ԿԸՀ-ն չի կարողանա հաշվի չառնել։ Այդպիսի ընտրությունները, որին ժողովուրդը մասնակցում է պարզապես տեղամասեր չգնալով, իր հերթին կդառնա հասարակության առաջին «արդյունավետ» կրակոցը մի ընտրական համակարգի վրա, որը երբեք օրենքի դեմքով չի խոսել Հայաստանի ժողովրդի հետ։ Մի անգամ, գոնե մի անգամ ժողովուրդը պետք է ցույց տա, թե ինչպես կարելի է հասնել արդյունքի։
Այս ընտրությունները կարող էին եզակի ճանապարհ լինել հասնել հաջողության ոչ թե ակտիվ մասնակցությամբ, այլ քվեարկության ամբողջ ընթացքում տանը նստելով։ Ակտիվություն պետք է դրսևորեին միայն քաղաքական ուժերը, որոնք մոբիլիզացնում են իրենց կողմնակիցներին զուտ դիտորդական աշխատանքի և ընտրակաշառքների ու տեղամասերից դուրս այլ ընտրախախտումների արձանագրման ու նկարահանման ուղղությամբ։ Ժողովուրդն իր կաշվի վրա պիտի զգա, թե ինչպես է ձևավորում իշխանությունը։ Մինչև այսօր նա մտածել է, թե ձևավորում է Վազգեն Մանուկյանին, Կարեն Դեմիրճյանին, Ստեփան Դեմիրճյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրելով։ Իսկ մենք գիտենք, որ հիշյալ մարդկանց օգտին ժողովուրդը ոչ միշտ է քվեարկել նրանց հանդեպ հավատից դրդված։ Այս ընտրություններում ժողովուրդը կարիք չէր ունենա իր հավատը տարածել անձի վրա։ Նա պարզապես պետք է ընտրակեղծարարության համակարգ ոչնչացներ։ Այս մասին քաղաքական ուժերը չմտածեցին։ Եվ վերջ։
Թեմա
Մհեր Արշակյան










