Հայաստանում գազի սպառման ծավալները անցած տարի թեև աճել են 4,8%-ով, սակայն բնակչությունը այն չի օգտագործել ջեռուցման նպատակով։ Արդյունաբերական ընկերությունները, իրենց հերթին, անցած երեք տարում այդպես էլ չեն վերականգնել ճգնաժամային 2009թ. սպառման ծավալները։
Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2012թ. ընթացքում ավելացել են 22,3%-ով՝ կազմելով 1,97 մլրդ խմ։ «ՀայՌուսգազարդի» կողմից իրացվել է 1,6 մլրդ խմ, աճը՝ 4,8%։ Ընկերության հաղորդագրության համաձայն՝ 2012թ., նախորդող տարվա համեմատ, 23,7%-ով ավելացել են էներգետիկայի և 2%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից սպառվող ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 231,9 մլն և 254,7 մլն խմ: ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառումն ավելացել է 15,4%-ով՝ հասնելով 418 մլն խմ-ի։
Էներգետիկ համակարգի կողմից գազի սպառման աճին նպաստել է Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի օրենսդրական նախաձեռնությունը։ 2012թ. Հայաստանը հրաժարվեց «ամառային ժամանակից»՝ օրական առնվազն մեկ ժամով ավելացնելով էլեկտրաէներգիայի սպառումը։ Էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու համար 2012թ. Հրազդանի ջէկը (ՀրազՋԷԿ) արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացրել է մոտ կիսով չափ՝ ապահովելով էներգետիկ կառույցների կողմից գազի սպառման ծավալների 23,7% աճ։
Թեև անցած տարի արդյունաբերական ընկերությունները գազի սպառումը ավելացրել են 2%-ով, ոլորտում սպառման ծավալները ցածր են եղել ճգնաժամային 2009թ. ցուցանիշներից (սպառվել է 259,7 մլն խմ)։ Ի դեպ՝ անցած երեք տարիներին արդյունաբերության ոլորտում տարեկան միջինը 10% աճ է արձանագրվել։
ԱԳԼՃԿ-ների իրացման ծավալների ավելացումը պայմանավորված է 2012թ. բենզինի գների 11,4% աճով, ինչը վարորդներին ստիպել է անցնել այլընտրանքային վառելիքի՝ գազի։ Բայց եթե ավտովառելիքի պարագայում բնակչությունը նախընտրել է գազը, ապա ջեռուցման դեպքում գազին է այլընտրանք փնտրել։ Անցած տարի 1,6%-ով նվազել են բնակչության և 12,1%-ով՝ այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 542 մլն և 162,4 մլն խմ։
Տարեկան կտրվածքով բնակչության կողմից գազի սպառման ծավալների նվազումը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ 2012թ. ինն ամիսներին գազի սպառումն աճել է 11,8%-ով՝ հասնելով 396,2 մլն խմ-ի։ Չնայած չորրորդ եռամսյակում մեկնարկել է ջեռուցման սեզոնը՝ բնակչությունը 26%-ով կրճատել է գազի սպառումը (սպառել է ընդամենը 146 մլն խմ)։ 2012թ. չորրորդ եռամսյակի միտումները թույլ են տալիս ենթադրել, որ այս տարվա առաջին եռամսյակում ևս բնակչության կողմից գազի սպառման ծավալը շարունակվելու է կրճատվել, հատկապես մարզերում։
Բնակչության կողմից գազի սպառման կրճատումը մտահոգիչ է այն առումով, որքանով թե՛ 2011թ., թե՛ 2012թ. վերջնական սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել. բնակչությունը 1 խմ գազի համար շարունակել է վճարել Դ132։ Բացի այդ՝ անցած տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդի» փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12,8 հազ-ով՝ դեկտեմբերի վերջին կազմելով 638,55 հազ.։ Ստացվում է, որ նույնիսկ այս պայմաններում գազը՝ որպես ջեռուցման աղբյուր, մրցունակ չէ։
Բնակչության կողմից գազի սպառման ծավալների կրճատումը պայմանավորված է նաև արտագաղթով։ Հայաստանը վերջին երեք տարիներին տարեկան լքել է 42 հազ. մարդ, ինչը նշանակում է նաև սպառողական շուկայի նվազում։
2013թ. նախագահական ընտրություններից հետո ներքին շուկայում վերջնական սպառողների համար տեղի է ունենալու գազի թանկացում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու կապույտ վառելիքի սպառման ծավալների հետագա կրճատման։ Թեև իշխանությունները հերքում են գազի գնի բարձրացման հանգամանքը, անցած տարի Հայաստանի առաքվող ռուսական գազը, այնուամենայնիվ, թանկացել է։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2012թ. հուլիսից 1000 խմ ռուսական գազը ձեռք է բերում $244-ով։ Հաշվի առնելով սակագնում միայն գազի գործոնը՝ վառելիքի $10-ով (1000 խմ-ի հաշվով) թանկացումը հանգեցնում է բնակչության համար սակագնի Դ4-ով աճին (1 խմ-ի հաշվով)։ Հիմք ընդունելով ռուսական գազի ներկայիս իրական գինը (ու միայն գազի գործոնը)՝ բնակչության համար 1 խմ-ի սակագինը այսօր պետք է լինի Դ158։

Civilnet










