Հայկական երկու ընկերությունների՝ անցած տարեվերջին մեկնարկած արտարժութային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը կարծես հաջող է անցել։ «ՍԱՍ Գրուպը» մինչև հունվարի 10-ը տեղաբաշխել է պարտատոմսերի ծրագրված ողջ ծավալը՝ $7 մլն-ը, «Արցախ ՀԷԿ»-ը՝ մինչև հունվարի 16-ը՝ $6 մլն-ը։
Դրամի արժեզրկումը, պետական պարտատոմսերի բարձր եկամտաբերությունը ներդրողների և պոտենցիալ թողարկողների համար անհետաքրքիր են դարձել ազգային արժույթով կորպորատիվ պարտատոմսերը։ Այս պայմաններում ֆինանսական շրջանակները կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման նոր ուղղություն են գտել՝ արտարժութային պարտատոմսերի գործիքի ներդրում։
Անցած տարեվերջին միանգամից երկու ընկերություն հայտարարեցին արտարժութային պարտատոմսերի թողարկման մասին։ Նոյեմբերի 20-ին «ՍԱՍ Գրուպը» հայտարարեց 2012թ. դեկտեմբերի 6-ից մինչև 2013թ. հունվարի 10-ը $10 անվանական արժեքով արժեկտրոնային թվով 700 հազ. պարտատոմսերի տեղաբաշխման մասին՝ տարեկան 10,1% եկամտաբերությամբ։ Դեկտեմբերի 5-ին «Արցախ ՀԷԿ»-ը սկսեց $6 մլն ծավալով, $10 հազ անվանական արժեքով և տարեկան 10% եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը։ Թեև ընկերությունը պարտատոմսերի տեղաբաշխման վերջնաժամկետ էր սահմանել դեկտեմբերի 18-ը, դեկտեմբերի 17-ին որոշում է ընդունվել այն երկարաձգել մինչև 2013թ.-ի հունվարի 16-ը։ Ժամկետի երկարացումը պայմանավորված է եղել խոշոր ներդրողների խնդրանքով, քանի որ նրանք խնդիրներ են ունեցել ֆինանսական հոսքերի կառավարման հետ։
Չնայած այս երկու ընկերությունների իրացման հիմնական շուկան ներքինն է և արտարժույթով միջոցներ ներգրավելու ժամանակ նրանք կրում են փոխարժեքային ռիսկեր, արժեթղթերի թողարկումով միջոցների ներգրավումը ֆինանսական տեսակետից շատ ավելի շահավետ է։ Պարտատոմսերի թողարկումը թույլ է տալիս էժան միջոցներ ներգրավել։ Համեմատության համար՝ դեկտեմբերին բանկային համակարգում մեկ տարուց ավելի մարման ժամկետով արտարժութային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12,19%։ Ընդ որում՝ արտարժութային պարտատոմսերը գրավիչ են նաև ներդրողների համար, քանի որ անցած տարեվերջին բանկերը մեկ տարուց ավելի ժամկետով արտարժութային ավանդները ներգրավել են 7,64%-ով։
«Արցախ ՀԷԿ»-ի կողմից 3 տարվա մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարներն օգտագործվելու են պարտավորությունների վերաֆինանսավորման, շրջանառու միջոցների ձեռքբերման և համալրման, ինչպես նաև կապիտալ շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Ընկերությունում նախատեսում են, մասնավորապես, Թրղե 3 հէկ-ի կառուցմանը ուղղել $1,15 մլն, օգտագործված միջոցների վերաֆինանսավորմանը՝ $4,79 մլն։
Civilnet











