Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) բջջային երեք օպերատորներին պարտադրելու է ընդհանուր առմամբ 18 գյուղական համայնքներ ապահովել ձայնային և շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններով. բացի այդ՝ վերհանել միջպետական ավտոճանապարհների այն հատվածները, որոնցում ընկերությունների ծառայությունները հասանելի չեն։ Մոտավոր հաշվարկներով՝ օպերատորները պետք է $0,7-1 մլն-ի ներդրումներ կատարեն։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 23-ին քննարկելու և ամենայն հավանականությամբ հաստատելու է «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին» որոշման նախագիծը։ Փաստաթղթի ողջ տրամաբանությունն այն է, որ ընկերություններն ընդլայնեն ծածկույթները Հայաստանի ամբողջ տարածքում՝ ծառայությունների ու ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործման նպատակով։
Ըստ որոշման նախագծի՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2014թ. հունվարի 23-ը, ընկերությունները պետք է զարգացնեն և արդիականացնեն իրենց շարժական կապի ցանցերը ծածկույթ չունեցող ընդհանուր առմամբ 18 բնակավայրերում։ Բացի այդ՝ մինչև 2013թ. ապրիլի 1-ը օպերատորները պետք է չափումների միջոցով բացահայտեն միջպետական ավտոճանապարհների այն հատվածները, որոնցում բջջային ծառայություններն անհասանելի են, և դրանք կապով ապահովելու համար ներկայացնեն առաջարկներ։
ՀԾԿՀ-ի այս նախաձեռնությունը սպասելի էր, քանի որ 2012թ. դեկտեմբերի 14-ին ընդունվել է մի որոշում, ըստ որի՝ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում պետք է գործարկվի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը (MNP)։ Այն բաժանորդների հնարավորություն կտա համարների պահպանման պայմաններում փոխել օպերատորին։ Որոշումը ենթադրում է, որ ծառայությունը պետք է հասանելի լինի Հայաստանի բոլոր բնակավայրերի բաժանորդների համար։

Civilnet










