Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2013թ. համար բարձրացրել է 1 տոկոսային կետով` մինչև 5%: Նշենք, որ Համաշխարհային բանկը 2013թ. համար Հայաստանում կանխատեսում է 4,3% տնտեսական աճ, այն դեպքում, երբ կառավարությունը բյուջեի հիմքում դրել է 6,2% ցուցանիշ:
Ըստ ՎԶԵԲ-ի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսության զարգացման մասին զեկույցի`Հայաստանի ցուցանիշի բարելավումը բանկը պայմանավորում է վերամշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության զարգացմամբ: Զեկույցում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ հետամուտ են հարկաբյուջետային կոնսոլիդացիայի և կառուցվածքային բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Տնտեսությունը շարունակում է մեծապես օգտվել մեծածավալ մասնավոր դրամական փոխանցումներից և պաշտոնական ֆինանսավորումից:
ՎԶԵԲ-ի փորձագետների կարծիքով` Հայաստանի տնտեսությանը սպառնացող անմիջական ռիսկերը կապված են ֆինանսական հատվածի դոլարիզացիայի և արտաքին անկայուն միջավայրի հետ (մասնավոր դրամական փոխանցումներից կախվածություն և արտահանման թույլ դիվերսիֆիկացիա):
ՎԶԵԲ-ը 2013թ. Վրաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը ևս բարելավել է 1 տոկոսային կետով՝ 5%՝ նախորդ՝ 2012թ. հոկտեմբերին հրապարկած զեկույցի 4% կանխատեսման համեմատ:
Ադրբեջանի դեպքում 2013թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հոկտեմբերյան զեկույցի համեմատ անփոփոխ է մնացել՝ մինչև 4%: Բանկը անփոփոխ է թողնել նաև ընթացիկ տարում Թուրքիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ մինչև 3,7%:
Civilnet











