Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել գյուղատնտեսական համատարած հաշվառմանը վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաև միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային բանկի և տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչները:
«Մենք երբևէ այսպիսի հաշվառում չենք իրականացրել և խիստ անհրաժեշտ է իմանալ՝ ինչպիսին է իրական պատկերը գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում վերջին 5 տարիների ընթացքում էապես ավելացել է, ինչը պայմանավորված է մեր երկրում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով և իրականացվող ծրագրերով»,- նշել է վարչապետը:
Նրա խոսքով` այս բնագավառի համար կառավարությունը մշակել է նոր՝ գյուղի և գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ համալիր ծրագիր: Նա նշել է, որ գյուղատնտեսության ոլորտի հաշվառումը լինելու է կառավարության 2013-2016 թթ. կարևորագույն ծրագրերից մեկը:
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին իր ղեկավարած կառույցի օժանդակությունն է հայտնել գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացին: Հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի կարևորությունը՝ Համաշխարհային բանկը $200 հազ. դրամաշնորհ է հատկացրել գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքներին օժանդակելու համար:
Ծրագրի աշխատանքներին իրենց աջակցությունն են հայտնել նաև Եվրամիության Թվինինգ ծրագրի և ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի ներկայացուցիչները:
Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակն է տեղեկություններ հավաքագրել գյուղատնտեսական նշանակության հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների, մարդկային, նյութական ներուժի և դրանց օգտագործման վերաբերյալ:
Նշվել է, որ ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն՝ անդամ երկրները պարտավոր են առնվազն 10 տարին մեկ անգամ անցկացնել գյուղատնեսական համատարած հաշվառում, իսկ ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառում երբևէ չի իրականացվել:
Civilnet











