Համահայկական բանկը խախտել է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքը և Կենտրոնական բանկի՝ Կանոնակարգ 8/03-ը՝ մեկ շաբաթ ուշացումով հրապարակելով միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը։
Ֆինանսական համակարգը կարգավորող օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի համաձայն՝ շուկայի մասնակիցները իրենց կայքերում սահմանված ժամկետներում պետք է հրապարակեն ֆինանսական հաշվետվությունները։ Համահայկական բանկը իր կայքում հունվարի 22-ին արդեն պետք է տեղադրած լիներ 2012թ. չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը։ Երեկ օրվա առաջին կեսին հասանելի վերջին միջանկյալ հաշվետվությունը երրորդ եռամսյակինն էր։
ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու է կայքում բացակայում չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունը, բանկում պարզաբանեցին, թե այն անպայման կտեղադրվի, խնդիրը տեխնիկական է, իսկ եռամսյակի հաշվետվությունը, ըստ ԿԲ պահանջների, հրապարակվել է հունվարի 15-ին տպագիր մամուլում։
Ուշագրավ է, որ հաշվետվությունը բանկի կայքում բավական օպերատիվ հայտնվեց նույն օրվա երկրորդ կեսին։ Սակայն անգամ այս պայմաններում Համահայկական բանկը խախտել է թե՛ ԿԲ ենթաօրենսդրական ակտի, թե՛ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի պահանջները, քանի որ հաշվետվությունը տեղադրել է մեկ շաբաթ ուշացումով։
Կենտրոնական բանկի Կանոնակարգ 8/03-ով («Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումների իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումների» մասին) սահմանված է, որ ֆինանսական հաստատությունները տնային էջում՝ կայքում, «Հաշվետվություններ» բաժնում, ներկայացնում են հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ հաշվետվություն, եռամսյակային կտրվածքով, մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը։
Բանկը խախտել է նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածը (տեղեկատվությունները և դրանց հրապարակումը)։ Ուշագրավ է, որ օրենքի պահանջները խախտելու դեպքում նախատեսվում է նաև պատասխանատվություն՝ նախազգուշացումից մինչև տուգանքի նշանակում։ Բանկային օրենսդրության յուրաքանչյուր խախտման համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը կարող է հասնել մինչև ԿԲ-ի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի 1%-ը:
Պարտատոմսեր՝ մրցունակության խթանման փոխարեն
Համահայկական բանկի մասին օրենքը ընդունվել է 2009թ. հունվարին, այն գործունեությունը սկսել է 2011թ. սեպտեմբերի 7-ին (բացվեց բանկի գլխամասը)։ «Համահայկական բանկի մասին» օրենքում նշվում է. «Համահայկական բանկի նպատակն է նպաստել ուժեղ, մրցունակ և գիտելիքի վրա հիմնված հայության ներուժի ձևավորմանը և այն ուղղել ամբողջ հայության մրցունակության ավելացմանը համաշխարհային շուկայում»: Բանկը, ըստ օրենքի, տրամադրում է Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու և արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր և (կամ) կատարում ներդրումներ։
Համահայկական բանկի նպատակը, ըստ էության, միջազգային ֆինանսական կազմակերպություններից և այլ մասնավոր աղբյուրներից, հատկապես Սփյուռքից, երկարաժամկետ ֆինանսական միջոցների ներգրավումն է։ Ուշագրավ է, որ այն շարունակում է մնալ պետական բանկ՝ բաժնետոմսերի 100%-ը պատկանում է ԿԲ-ին։ Բանկի կանոնադիր կապիտալը կազմում է Դ7,5 մլրդ (մոտ $18 մլն), այն դեպքում, երբ ծրագրվում էր, որ կապիտալը պետք է լինի $100 մլն, որից մոտ $80 մլն-ը պետք է ներդներ մասնավոր հատվածը, այդ թվում՝ Սփյուռքը։
Թեև բանկը վարկավորման ճանապարհով պետք է խթանի մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը և արտահանումը, այն ավելի շատ խթանում է կառավարությանը։ Բանկի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունում առկա են բավական ուշագրավ թվեր։ Այսպես՝ 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի տնօրինության տակ եղել են Դ2,86 մլրդ-ի գանձապետական պարտատոմսեր, իսկ կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի չափը կազմել է Դ1,143 մլն։
Մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը Համահայկական բանկում, փաստորեն, համարում են պետբյուջեի ներքին պարտքի սպասարկման և բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար թողարկվող արժեթղթերի ձեռքբերում։
Ուշագրավ է, որ բանկի կայքում տեղադրված է երկու հաղորդագրություն, ըստ որի՝ 2012թ. հունիսի 27-ին տեղի է ունեցել Համահայկական բանկի և «Թուֆենկյան հոսփիթալիթի» ընկերության միջև երկարաժամկետ վարկային պայմանագրի ստորագրման արարողություն։ «Դ1 մլրդ-ի վարկ 10 տարի ժամկետով տրամադրվեց «Թուֆենկյան հոսփիթալիթի» ընկերությանը՝ Երևանում հյուրանոցային համալիրի կառուցումը ֆինանսավորելու նպատակով»,– նշված է հաղորդագրությունում:
Մեկ այլ հաղորդագրությամբ բանկը տեղեկացնում է, որ 2012թ. սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Համահայկական բանկի և «Մեդասիստ» բժշկական կենտրոնի միջև երկարաժամկետ վարկային պայմանագրի ստորագրման արարողություն: «Դ315 մլն-ի վարկ 10 տարի ժամկետով տրամադրվեց «Մեդասիստ» բժշկական կենտրոնի սարքավորումների ֆինանսավորմանը՝ բուժծառայությունների ընդլայնման նպատակով»,– նշված է հաղորդագրությունում։
Համաձայն բանկի ֆինանսական հաշվետվության՝ Դ1,325 մլրդ այս վարկային միջոցներից հատկացվել է 86%-ը։ Եթե հյուրանոցի կառուցման ֆինանսավորումը դեռևս կարելի է դիտարկել զբոսաշրջության զարգացման և արտահանման խթանման ենթատեքստում (ներգնա զբոսաշրջությունը արտահանման ուղղվածություն ունի), ապա բժշկական կենտրոնի սարքավորումների ձեռքբերումը վարկավորելիս Համահայկական բանկն իրականացրել է զուտ առևտրային բանի գործառույթ։
Civilnet











