Գլխավոր Լրահոս

ՓՄՁ-ն տրվում է ինքնաֆինանսավորման

ՓՄՁ-ն տրվում է ինքնաֆինանսավորման

Կառավարությունը մի կողմից հայտարարում է տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, միջին խավի ձևավորման ու այլ հարցերում փոքր և միջին ձեռնարկատիրության դերի կարևորության մասին, մյուս կողմից՝ կրճատում վերջինիս ֆինանսական օժանդակության չափը։ ՓՄՁ-ի պետական աջակցության ծրագրերին այս տարի պետբյուջեից նախատեսվում է ուղղել Դ150 մլն կամ 0,8%-ով քիչ գումար, քան 2012թ.։

Կառավարության հունվարի 24-ի կայանալիք նիստին էկոնոմիկայի նախարարությունը հաստատման է ներկայացրել «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013թ. ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ըստ փաստաթղթի՝ ծրագրի իրականացմանը այս տարի նախատեսվում է պետբյուջեից ուղղել Դ150 մլն, որի հաշվին կապահովվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների՝ ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի (ԶԱԿ) աշխատակիցների վարձատրությունը։

Ծրագրով նախատեսված է սկսնակների գործարար ծրագրերին ֆինանսական աջակցության և ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրում։ Ընդհանուր առմամբ, այս տարի վարկային երաշխավորություն նախատեսված է տրամադրել 170-200 սուբյեկտների և սկսնակ գործարարների։ Վարկային երաշխավորությունների տրամադրման պայմանների փոփոխություն չի նախատեսվում։ Ինչպես և 2012թ., այս տարի ևս երաշխավորությունների առավելագույն ժամկետը կազմելու է հինգ տարի, գումարը չի գերազանցելու վարկային պարտավորության (վարկի մայր գումար և տոկոսներ) 70%-ը և 15 մլն-ը։

Բացի այդ՝ նախատեսվում է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի միջոցներով սուբյեկտների ուղղակի վարկավորում և սեփական կապիտալի ֆինանսավորում։ Տարեվերջին վարկային այս կազմակերպության ֆինանսավորման պորտֆելը ծրագրված է հասցնել Դ6 մլրդ-ի։ Գործադրի հաստատմանը ներկայացվող ծրագրի նախագծում նշվում է, որ 2013թ. այս ՈՒՎԿ-ի միջոցով ՓՄՁ սուբյեկտներին կտրամադրվեն ավելի քան Դ2 մլրդ-ի վարկային միջոցներ:

Ուշագրավ է, որ 2012թ. վերջին «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի վարկային պորտֆելը պետք է ավելանար Դ2 մլրդ-ով՝ հասնելով Դ5 մլրդ-ի։ Ծրագրում նշվող թվերից ստացվում է, որ 2012թ. պորտֆելն իրականում աճել է նախատեսված ծավալի կիսով չափ։

Այս տարվա աջակցության ծրագրով նախատեսված է ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների հաշվին գործարար մոդելների ստեղծում։ Ընդհանուր առմամբ, 2013թ. կմշակվի երեք օրինակելի գործարար մոդել, և դրանց հիման վրա կստեղծվի 30 նոր բիզնես։ Գործարար մոդելների ստեղծման նպատակով նախատեսվում է մարզերի տնտեսության զարգացման ներուժ ունեցող ճյուղերի քարտեզագրում և կրկնօրինակման ենթակա առավել մրցունակ ոլորտների ընտրություն, որից հետո յուրաքանչյուր ոլորտի համար կներգրավվեն կարճաժամկետ փորձագետներ։ Գործարար մոդելի ներդրման փուլում ենթադրվում է ընտրված ոլորտում գործունեության որոշակի փորձ ունեցող գործարարների բացահայտում և ընտրություն, որոնք կանցնեն որոշակի դասընթացային փուլ՝ բիզնեսի վարման կարողությունների զարգացման և ստեղծված գործարար մոդելի տեխնոլոգիական տարրերի համակցությամբ, և կստանան խորհրդատվություն ու ֆինանսավորում՝ ըստ անհրաժեշտության:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում