Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2013թ. գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է 0,1 տոկոսային կետով ՝ մինչև 3,5%: ԱՄՀ-ն իր նախորդ՝ 2012թ. հոկտեմբերին հրապարկած «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (World Economic Outlook) զեկույցում 2013-ի համար կանխատեսել էր 3,6% աճ: 0,1 տոկոսային կետով իջեցվել է նաև 2014թ. կանխատեսումը՝ մինչև 4,1%՝ հոկտեմբերի 4,2% կանխատեսման համեմատ: ԱՄՀ-ն վերանայել է 2013-2014թթ. իր կանխատեսումները գրեթե բոլոր երկրների համար, ընդ որում՝ դրանք հիմնականում իջեցվել են:
Ըստ զեկույցի՝ 2012թ. գլոբալ տնտեսական աճը կազմել է 3,2%, որը 0,1 տոկոսային կետով զիջում է հոկտեմբերի կանխատեսմանը: 2011թ. գլոբալ ՀՆԱ-ի աճը կազմել է 3,9%:
Կազմակերպության կանխատեսման համաձայն՝ 2013թ. զարգացած երկրների տնտեսական աճը կկազմի 1,4%, 2014թ.՝ մինչև 2,2%: 2013-ի համար կանխատեսումը այս երկրնեում իջեցվել է 0,2 տոկոսային կետով, 2014-ի համար՝ 0,1 տոկոսային կետով:
ԱՄՆ 2013թ. տնտեսական աճի կանխատեսումը ևս իջեցվել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 2% և 2014թ.՝ մինչև 3%:
ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի համար այս տարի առաջնահերթը պետպարտքի առաստաղային մակարդակի բարձրացումն է, բյուջետային ծախսերի կրճատման ծրագրի շուրջ հնարավորինս կարճաժամկետ հեռանկարներում փոխզիջումների ձեռքբերումը, ինչպես նաև բյուջեի՝ չափից ավելի մեծ կոնսոլիդացիայից խուսափումը:
2013թ. Չինաստանի տնտեսական աճը կկազմի 8,2% և 2014թ.՝ 8,5%:
Ընթացիկ տարում եվրոգոտու տնտեսական աճը, ԱՄՀ կանխատեսմամբ, կնվազի 0,2%-ով և 2014թ. կկազմի 1%՝ նախորդ 1,1%-ի համեմատ:
ԱՄՀ-ն եվրոգոտու աճի կանխատեսման վերանայումը դեպի նվազում պայամանավորել է հիմնականում մասնավոր սեկտորի վարկավորման պայմանների բարելավման դանդաղ տեմպերով: «Մենք կարծում ենք, որ եվրոգոտին նախկինի պես լուրջ սպառնալիք է ներկայացնում գլոբալ տնտեսության զարգացման համար: Պետք է որևէ լուրջ բան տեղի ունենա, որպեսզի կարողանանք արձանագրել եվրոպական տնտեսության առավել դինամիկ և ակտիվ վերականգնում: Տարածաշրջանում պահպանվող ստագնացիայի ռիսկերը շարունակում են բավական բարձր մնալ»,-ասել է ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Օլիվյե Բլանշարը:
2013թ. հատկապես զգալի կլինի Իտալիայի և Իսպանիայի տնտեսական աճի նվազումը՝ կազմելով համապատասխանաբար մինչև 1% և 1,5%: Իտալիայի դեպքում կանխատեսումը վերանայվել է 0,3 տոկոսային կետով, Իսպանիայի դեպքում՝ 0,1:
Եվրոպայի խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի տնտեսական աճը, ըստ ԱՄՀ-ի, 2013թ. կաճի 0,6%-ով՝ նախորդ 0,9% կանխատեսման համեմատ: 2014թ. կանխատեսումը բարձրացվել է 0,1 տոկսոսային կետով՝ մինչև 1,4%.:
ԱՄՀ-ն 2013թ. Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է 0,1 տոկոսային կետով ՝ մինչև 3,7% և 2014թ.՝ մինչև 3,8%:
«Նախկինում Ռուսաստանի տնտեսական աճը բավական բարձր տեմպեր է արձանագրել՝ չնայած ներդրումների ցածր մակարդակին, քանի որ առկա էին գործարկված ներքին հզորություններ: Այսպիսով հնարավոր է եղել աճ ապահովել չօգտագործված կապիտալի հաշվին: Ներկայում հզորությունների օգտագործումը հասել է իր առավելագույն մակարդակին: Ապագայում աճի ապահովման համար անհրաժեշտ կլինի մեծացնել մասնավոր կապիտալի մասնակցութունը»,-ասել է Ռուսաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Անտոնիո Սպիլիմբերգը:
2013թ. ԱՊՀ երկրներում ԱՄՀ-ն մինչև 3,8% տնտեսական աճ է կանխատեսում՝ հոկտեմբերի 4,1% -ի համեմատ, և 2014թ.՝ մինչև 4,1% նախորդ 4,2% կանխատեսման համեմատ:
Civilnet











