Թեև համաշխարհային շուկայում դեկտեմբերի 10-ից հետո նավթի գներն աճել են 5,6%-ով, Հայաստանի վառելիքի շուկայում բենզինը օրերս էժանացել է Դ10-ով. «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է Դ480-ով։ Բենզինի գինը նվազել է 2,5 ամիս կայուն մակարդակում պահպանվելուց հետո։
Բենզինի և դիզվառելիքի շուկայի խոշոր խաղորդ «Ֆլեշ» ընկերությունում ՍիվիլՆեթին ասացին, որ գների իջեցումը պայմանավորված է ներքին շուկայում սպառման ծավալների կրճատումով։ «Գների իջեցումով փորձ է կատարվում որոշակիորեն վերականգնել իրացման ծավալները»,- ասացին ընկերությունում։
Անցած տարի բենզինի գների ավելի քան 10%-ով աճը վարորդներին ստիպել է անցում կատարել այլընտրանքային վառելիքի՝ գազի։ Ուշագրավ է, որ բենզինից գազի անցումը բավական լայն թափով է ընթացել, ինչի մասին վկայում է ԱԳԼՃԿ-ների կողմից կապույտ վառելիքի իրացման ծավալների կտրուկ աճը։
Անցած տարի «ՀայՌուսգազարդի» իրացման ծավալները ԱԳԼՃԿ-ներին կազմել են 418 մլն խմ՝ 2011-ի համեմատ աճելով 15,4%-ով։ Ուշագրավ է, որ ԱԳԼՃԿ-ներին գազի իրացման ծավալները գրեթե այնքան են, որքան սպառում են էներգետիկ և արդյունաբերության ոլորտի ընկերությունները միասին վերցված (485 մլն խմ)։
Civilnet











