ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (USAID) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC) այսօր` հունվարի 24-ին, դրամաշնորհի համաձայնագիր է ստորագրել «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ՀՀՃԾ) հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնելու է Սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը (ՍՏՄՃՄ), հաղորդում են USAID հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
Ծրագրի նպատակն է խթանել միջսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը սևծովյան տարածաշրջանի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 100 համայնքներում: Այն կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և էկոտուրիզմի խթանման միջոցով տեղական համայնքների զարգացմանը:
ՍՏՄՃՄ-ն Հայաստանում բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.
• Պատմամշակութային և բնական զբոսաշրջության 43 վայրերում 148 ուղղորդիչ նշանների և 114 տեղեկատվական վահանակների, 77 հետիոտն շրջայցի և արշավային ցուցանակների, ինչպես նաև 55 հուշախեցերի տեղադրում:
• Ճանապարհի վիրտուալ էլեկտրոնային տարբերակ, որը կներառի ինտերնետային վեբկայք և սմարթֆոնների հինգ հավելվածներ՝ մուլտիմեդիա և բազմալեզու բովանդակությամբ և սոցիալական ցանցերին ինտեգրվելու հնարավորությամբ:
Ծրագրին մասնակից երկրների կոնսորցիումը համաձայնել է, որ ծրագրի տեխնիկական սպասարկումն իրականացվի հայ մասնագետների կողմից: Այսպիսով, Հայաստանում մշակված վեբկայքն ու հավելվածները կօգտագործվեն բոլոր չորս երկրներում: Ուղեցույցը զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական տնտեսվարողներին հնարավորություն կտա ընդգրկել իրենց ծառայությունները (կացարան, սնունդ, տեղական արհեստագործություն, հուշանվերներ, ուղեցույցներ և այլն) ճանապարհային ցուցակում և այդպիսով դրանք հասանելի դարձնել գլոբալ համայնքին:
• Զբոսաշրջության ծառայություն մատուցող տեղական, մարզային և ազգային հաստատությունների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում զբոսաշրջության ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հասանելի դարձնելու վերաբերյալ:
Ծրագիրը համատեղ ֆինանսավորում են Եվրոպական Միությունը, ՀՀՃԾ-ն և USAID-ն: Գլխավոր իրականացնողը Հայաստանում ՀՀՃԾ-ն է:
Հայաստանում ծրագրի իրականացմանն աջակցում են էկոնոմիկայի, մշակույթի, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Հայաստանի թռչունների պահպանման միությունը և «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպությունը:
Civilnet











