ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, խրագրի նպատակներն են պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել ՓՄՁ զարգացումը, այդ ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափության հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, բարձրացնել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակը։
Նշվում է, որ այս քայլով կառավարությունը կարևորում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրի սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում։
Ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ, որի հաշվին կապահովվի անձնակազմի և փորձագետների` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների վարձատրությունը։ Ծրագրի իրականացման արդյունավետությունը և ֆինանսական գործիքների ճկունությունն ապահովելու նպատակով 2013թ. կմիավորվեն սկսնակ գործարարների ֆինանսական աջակցության և վարկային երաշխավորությունների դրամագլուխները որպես մեկ միավորված դրամագլուխ։
Civilnet











