Գլխավոր Լրահոս

Մինչև ջեռուցման հաջորդ սեզոն

Փետրվարի 18-ի ընտրությունների նախընտրական փուլում իշխանություններն առավել զգայուն են դարձել Արևմուտքից հնչեցվող քննադատությունների նկատմամբ, որոնք հիմնականում վերաբերում են նրան, որ ընտրությունները մրցակցային չեն, և առաջադրված թեկնածուներն ըստ էության չեն համապատասխանում հանրային տրամադրություններին: Այս թեմայով նախ քաղաքական «փոխհրաձգություն» տեղի ունեցավ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի միջև, այնուհետև իշխանության ներկայացուցիչների թիրախում հայտնվեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը, որը «համարձակվել» էր ակնարկել, որ նախագահական ընտրություններից առաջ ոչ մրցակցային իրավիճակ է ստեղծվել: Դեսպանը կասկածամտորեն էր վերաբերվել այն հանգամանքին, որ ազդեցիկ քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել նախագահական ընտրություններին:

Բնականաբար, հանրապետականների հիմնական դժգոհությունն այն էր, որ իրենք ինչ մեղավոր են, որ այդ ուժերը չեն մտել մրցապայքարի մեջ, և երկրորդ՝ դեսպանն ինչու է խառնվում երկրի ներքին գործերին:

Նախ, եթե նույնիսկ ընդունենք, որ դեսպաններից որևէ մեկը խառնվում է մեր պետության ներքին գործերին, ապա դա ոչ թե դեսպանական դիրքի չարաշահում է, այլ օրվա իշխանությունների ակնհայտ թուլության և կախվածության արտահայտությունը:

Մյուս կողմից՝ տարօրինակ է Հայաստանի իշխանությունների դժգոհությունը նման գնահատականներից. չէ՞ որ հենց իրենք են գիշերուզօր հայտարարում Հայաստանը ժողովրդավարացնելու, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու և այլնի մասին: Այսինքն՝ այն, ինչ ասում է դեսպանը, արտառոց բան չէ: Հենց այն է, ինչ միջազգային համաձայնագրերով ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը:

Ավելին՝ Հայաստանի իշխանությունները շատ կոնկրետ խնդիր ունեն՝ ընտրություններից հետո հասնել նրան, որ եվրոպացիները գումարեն նվիրատուների խոստացված համաժողովը, որով նախատեսված էր 1 միլիարդ եվրո ներգրավել Հայաստանում ներդնելու համար: Համաժողովը պետք է կայանար խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն Եվրոպան ակնհայտորեն դժգոհ էր դրանց անցկացման որակից և հայտարարեց համաժողովը հետաձգելու և դրա նպատակահարմարությունը նախագահական ընտրություններից հետո քննարկելու մասին:

Նախագահական ընտրությունների անցկացումից է կախված նաև ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վերսկսումը:
Այդ գումարները Հայաստանին պետք են առավել, քան երբևէ: Մանավանդ որ առաջիկա ամիսներին ՀՀ իշխանություններն արդեն ստիպված են լինելու խոստովանել գազի թանկացման մասին, ինչի սոցիալական հետևանքները կզգացվեն ջեռուցման հաջորդ սեզոնին: 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում