Գլխավոր Լրահոս

Դրվագ, որ թաքցվում է Նժդեհի կյանքից

Իրավամբ, զարմանալի է, որ դեռ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմը չդիտած՝ շատերը քննադատում են Հրաչ Քեշիշյանին անորակ ֆիլմ նկարելու համար: Ես ֆիլմերից գլուխ չեմ հանում, բայց պատմական դեպքերի և դեմքերի մասին ֆիլմերում կարևորում եմ պատմությունը չկեղծելու հրամայականը: Ավելին՝ երբ դու գիտակցաբար կեղծում ես պատմությունը, հանցագործություն ես գործում:

Հայկական իրականության մեջ, որը հավանաբար գալիս է խորհրդային տարիներից, պատմական դեմքերին ներկայացնում են կա՛մ որպես 100 տոկոս հայրենասեր (մարդկությունը դեռ չի ստեղծել մի գործիք, որը, ինչպես ջերմաչափը, կչափեր հայրենասիրության աստիճանը), կա՛մ դավաճան, սև կամ սպիտակ: «Զանգեզուր» ֆիլմում, օրինակ, Նժդեհը դավաճան է: Քեշիշյանի ֆիլմում, ենթադրաբար, Նժդեհը կներկայանա որպես հերոս, քանի որ նժդեհականությունը դրված է այսօրվա գործող վարչակարգի գաղափարախոսության հիմքում:
Անշուշտ, շատ հարցեր կան, օրինակ՝ ի՞նչ կապ կարող է լինել Նժդեհի ազգայնականության և ֆուտբոլի համազգեստի վրայից Մասիս սարը ջնջող ու հայ-թուրքական արձանագրությունները ստորագրող ռեժիմի միջև: Բայց իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն այսօր, հանգամանքների բերումով, նժդեհական գաղափարախոսության կրողն են՝ պաշտոնապես:

Հրաչ Քեշիշյանի ֆիլմը կարելի է գնահատել, ու առաջինը պիտի գնահատի ժամանակը, ինչպես նաև՝ կինոգետներն ու պատմաբանները միայն այն դիտելուց և մարսելուց հետո: Բայց, ամեն դեպքում, կան մի քանի «բայց»-եր, որոնց մասին կարելի է գրել նախքան ֆիլմի էկրան բարձրանալը՝ բոլորովին էլ չքննադատելով ռեժիսորին ու չծաղրելով Նժդեհին, ինչը, ցավոք, տեղ է գտել մեր իրականության մեջ, առաջին հերթին՝ վիրտուալ տիրույթում:

«Բայց» առաջին. ինքնին շատ վատ է, որ Նժդեհի մասին նախընտրական շրջանում են ֆիլմ նկարում, ու շատ ավելի վատ է, որ նախընտրական շրջանում են էկրան հանում: Կարելի էր, անհրաժեշտ էր ֆիլմը ներկայացնել ավելի հանդարտ ժամանակ: Հավանաբար, ֆիլմի ստեղծողներին աժիոտաժ է պետք, որպեսզի նաև արդարացնեն (ասում են՝ աստղաբաշխական) գումարների ծախսը, որ նրանք պոկել են անհատներից կամ պետությունից:

«Բայց» երկրորդ. շատերը կասկածի տակ են դնում ֆիլմի անաչառությունը, քանի որ գումարը տրամադրել են իշխանական շրջանակի մարդիկ, այսինքն՝ ժամանակի թելադրանքով և պաշտոնապես նժդեհական գաղափարախոսություն ընտրած մեծահարուստներ, իսկ ինքը՝ Քեշիշյանը, ևս իշխանական շրջանակների մարդ է, հետևաբար՝ չի կարող ֆիլմում ներկայացնել Նժդեհի մասին ոչ շահեկան, բայց իրական պատմությունները:

Դրվագ, որ թաքցվում է Նժդեհի կյանքից


Ինձ ավելի շատ հենց դա է հետաքրքրում: Նժդեհի կյանքի և գործունեության ամենահետաքրքիր պահերից մեկը նրա՝ Արցախից նահանջն էր 1920թ. գարնանը, մի դրվագ, որը խնամքով թաքցվում է նրա երկրպագու պատմաբանների կողմից: Արդյոք այդ դրվագը, որը չափազանց կարևոր է, տեղ գտե՞լ է ֆիլմում: Եթե այո, ապա ինչպես է այն մեկնվել:

Ինչպես հայտնի է, նախորդ դարի 20-ական թվականների մեր երեք նշանավոր զորավարները՝ Անդրանիկը, Դրոն և Նժդեհը, ամենածանր պահին չեն կարողացել օգնել Արցախին, որը խորհրդայնացվում և դրվում էր Խորհրդային Ադրբեջանի իշխանության տակ:

Դեռ 1918թ. ուշ աշնանը Անդրանիկը, կորուստներ կրելով, կարողացավ ճեղքել քրդերի ու մահմեդականների դիմադրությունը և Գորիսից հասնել Բերձոր (այն ժամանակ՝ Աբդալլար)՝ այնտեղից Շուշիի հայ բնակչությանը օգնելու մտադրությամբ: Սակայն ճանապարհին Անտանտի դաշնակից ուժերը՝ բրիտանացիներն ու ֆրանսիացիները, Անդրանիկից պահանջեցին դադարեցնել գրոհը՝ բացատրելով, որ 1919թ. Փարիզում սպասվում է Խաղաղության վեհաժողով, որտեղ պիտի որոշվեն սահմանների և վիճելի տարածքների հարցերը:
Անդրանիկը ենթարկվեց Դաշնակիցների հորդորին: Ճի՞շտ էր Անդրանիկի կեցվածքը՝ միանշանակ դժվար է ասել: Սակայն փաստ է, որ նա նահանջեց: Պատմաբանը կամ ռեժիսորը, նկարագրելով զորավարի անցած ուղին, իրավունք չունի նրա կյանքի այս դրվագը մոռացության տալ:

Դրոն արեց ավելին: Նա օգնության հասավ արցախցիներին այն օրերին, երբ ատամ կրճտացնող թշնամիներով շրջափակված էր Արարատյան դաշտավայրը: Արցախահայության մի հատված, հիմնականում մանր բուրժուազիան և Շուշիի քաղաքային բնակչությունը, համաձայն էր Ղարաբաղը թողնել խորհրդայնացվող Ադրբեջանի կազմում՝ դա համարելով նոր ջարդերից խուսափելու միակ միջոցը: Ավելի մեծ հատվածը՝ գյուղական բնակչությունը, լսել անգամ չէր ուզում այդ մասին: Իրականությունն այն է, որ բոլշևիկները և ազերի-թուրքերն ու Օսմանյան բանակի մնացորդները կռվում էին արցախահայության դեմ, և Դրոն, Չանախչի գյուղում խորհրդակցելով տեղի զինվորականների հետ, որոշեց նահանջել, քանի որ ուժերն անհավասար էին: Ասում են, որ Դրոն ասել է, թե ինքը չի կրակի ռուս զինվորի վրա: Սա էլ է վիճելի. իրականությունն այն է, որ վերջին հայ նշանավոր զորավարը, որը գլխիկոր ու անսահման տխրությամբ հեռացավ Արցախից, Դրոն էր:

Գարեգին Նժդեհը, որ Կապանի կողմերից իր զինվորներով օգնության էր հասել Հադրութի ժողովրդին, նույնպես նահանջեց՝ այդ նահանջը բացատրելով նրանով, որ իր զինվորները վարուցանք՝ գյուղատնտեսական աշխատանքներ պետք է կատարեն: Ահա հենց այս դրվագն է, որ խնամքով թաքցվում է Գարեգին Նժդեհի՝ սխրանքներով ու հակասություններով լի կյանքից:
Արդյո՞ք այն տեղ է գտել աղմկահարույց ֆիլմում: Մի քանի օր էլ սպասենք:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում