Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Հունգարիա, այն դեպքում, երբ Միջազգային քրեական դատարանը նրան ձերբակալելու կարգադրագիր է տվել՝ Գազայում ռազմական հանցագործությունների մեղադրանքով, հայտնում է The Guardian-ը։
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Նեթանյահուին ձերբակալելու կարգադրագիր էր արձակել 2024-ի նոյեմբերին։ Որոշումից հետո սա Նեթանյահույի առաջին եվրոպական այցն է։
Միջազգային քրեական դատարանի որոշումից ժամեր անց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարեց, որ պատրաստ է Նեթանյահույին ընդունել Հունգարիայում՝ երաշխավորելով, որ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերը «չի կիրառվի» իր երկրում։
Նեթանյահույի՝ Հունգարիա այցից հետո, վարչապետ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը հայտարարել է, որ Հունգարիայի կառավարությունը որոշել է դուրս գալ Միջազգային քրեական դատարանից, հայտնում է BBC-ն։
2023թ. հոկտեմբերին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը։ 2024թ. փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար։
Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային կարգադրագիր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայկական կողմը հակադարձել է, որ «ձերբակալման մասին խոսք չի գնում»։ Հայկական կողմը ռուսներին առաջարկել է նաև ստորագրել երկկողմ համաձայնագիր, որը երաշխիքներ կստեղծի անհանգստությունների համար։
Civilnet











