Մոսկվան հուսով է՝ հայ հասարակությանը «կբացատրեն ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները»

Անհնար է միաժամանակ լինել երկու տարբեր կառույցներում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ), այսպիսի հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ հույս հայտնելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ կապերի խզման հետևանքով կորուստների ծավալները կբացատրվեն հայ հասարակությանը։
«Մենք համոզված ենք, որ անհնար է միաժամանակ լինել երկու տարբեր կառույցներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն»,- ասել է Գալուզինը։
Դիվանագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների կառույց է, իսկ ԵՄ-ն կառույց է, որտեղ «իշխում է մտրակային կարգապահությունը՝ ստորադասված հակառուսական նարատիվներին, որոնք շարադրել են իրականությունից դուրս հայտնված բրյուսելյան բյուրոկրատները»։
Գալուզինը հավելել է, որ Հայաստանն «ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը»:
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին։ «Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով»,- ասել է Փաշինյանը։
Civilnet










