Գլխավոր Լրահոս

Թրամփի առևտրային պատերազմն աշխարհի դեմ. նոր մաքսատուրքերը վերաբերում են նաև ՀՀ-ին

Թրամփի առևտրային պատերազմն աշխարհի դեմ. նոր մաքսատուրքերը վերաբերում են նաև ՀՀ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է բազմաթիվ երկրների հետ առևտրում մեծ մաքսատուրքեր սահմանելու քաղաքականության մասին։ Այս որոշումը ազդեցություն կունենա նաև Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների վրա, քանի որ հայկական ապրանքների համար սահմանվում է 10% մաքսատուրք՝ նախկին 0%-ի փոխարեն։ 10%-ը սահմանվող նվազագույն մաքսատուրքն է։

Սա հատկապես կազդի ադամանդների արտահանման վրա, ինչը կազմում է Հայաստանից ԱՄՆ արտահանման կեսից ավելին։  

2024-ին Միացյալ Նահանգները Հայաստանից ներմուծել է129 մլն դոլարի ապրանք, որից 74 մլն-ն կազմել են ադամանդները, Ֆեյսբուքում գրել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024-ին Հայաստանից ԱՄՆ արտահանումը կազմել է ընդհանուր 59 մլն դոլար, մինչդեռ ներմուծումը կազմել է 349 մլն դոլար՝ ըստ արտահանող երկրի և 352 մլն դրամ՝ ըստ ծագման երկրի:

ՀՀ վիճակագրական տվյալներում ներկայացված արտահանման ցուցանիշները տարբերվում են Ֆանյանի հրապարակած թվերից։ Պատճառը, ինչպես բացատրում է տնտեսագետը, տվյալների հաշվարկման մեթոդաբանությունն է:

«Ես ուսումնասիրել ու մեջբերել եմ ամերիկյան տվյալները, որոնք ցույց են տալիս Հայաստանից 129 մլն դոլարի ապրանքի ներմուծում։ Տվյալ դեպքում խոսքը ծագման երկրից ներմուծման մասին է։ Այսինքն՝ հայկական ապրանքներն ուղղակի կամ երրորդ երկրների միջոցով հասել են ԱՄՆ, և տվյալ պարագայում ճիշտ է այս թվերով դատողություններ անել»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Ֆանյանը՝ հղում անելով ՄԱԿ-ի Միջազգային առևտրի վիճակագրության տվյալների շտեմարանին (UN Comtrade).

Տարվա ընթացքում առևտրաշրջանառության ցուցանիշները զգալիորեն տատանվել են: Առավել բարձր արտահանման ցուցանիշներ գրանցվել են հոկտեմբերին՝ 9,6 մլն դոլար, մինչդեռ ամենացածր ցուցանիշը եղել է ապրիլին՝ 2,9 մլն դոլար:

Ներմուծման առումով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունվարին՝ 55,3 մլն դոլար, իսկ համեմատաբար ցածր ցուցանիշներ գրանցվել են նոյեմբերին՝ 19,1 մլն դոլար:

Առևտրային հաշվեկշռի տեսանկյունից Հայաստանն ունի զգալի առևտրային պակասուրդ ԱՄՆ-ի հետ, քանի որ ներմուծման ցուցանիշները մոտ վեց անգամ գերազանցում են արտահանման ցուցանիշները:

Տնտեսագետների կարծիքով, մաքսատուրքերի բարձրացումը կարող է ազդել ընդհանուր արտահանման ցուցանիշների վրա, հատկապես ադամանդների ոլորտում, քանի որ այս ապրանքատեսակը կազմում է ԱՄՆ արտահանվող հայկական ապրանքների մոտ 57%-ը:

Թրամփի առևտրային պատերազմն ամբողջ աշխարհի դեմ

Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հռչակել է «Ազատագրման օր» և նշել, որ աննախադեպ մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ ապրանքների ներմուծման համար:

«Այսօր Ազատագրման օր է,- ասել Թրամփը:- Սա ամերիկյան պատմության ամենակարևոր օրերից մեկն է, սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիր է: [...] «Մենք կրկին կդարձնենք Ամերիկան մեծ և հարուստ: Մեր երկիրը թալանվել է ավելի քան 50 տարի: Այլևս այդպես չի լինի»:

Թրամփը «պատասխան» 34% մաքսատուրք է սահմանել Չինաստանի համար, 20%՝ Եվրամիության, 24%՝ Ճապոնիայի և 26%՝ Հնդկաստանի: Թրամփի «պատասխան» միջոցների արդյունքում ԱՄՆ-ն այժմ Վիետնամի և Մյանմարի նման աղքատ երկրներից մոտ 50% ներմուծման մաքսատուրքեր կգանձի:

Ընդհանուր առմամբ, որևէ երկիր չի խուսափի ամերիկյան մաքսատուրքերից։ Նվազագույն մաքսատուրքը կկազմի 10%: Ընդհանուր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ին, իսկ բարձրացվածները՝ ապրիլի 9-ին:

Կոնգրեսի շրջանցմամբ հրամանագրերով մաքսատուրքեր սահմանելու համար Թրամփը ընդլայնել է ազգային անվտանգության սպառնալիքների մեկնաբանությունը և դրանց թվում ներառել ԱՄՆ առևտրային պակասուրդը: Այս հիմքով նա հայտարարել է արտակարգ դրություն, որը նրան լիազորում է ներմուծել մաքսատուրքեր՝ շրջանցելով օրենսդիրներին:

Թրամփի երեք գլխավոր թիրախները Եվրամիությունն է (աշխարհի երկրորդ տնտեսությունը), Չինաստանը (երրորդը) և Կանադան ու Մեքսիկան (հարևաններ և մաքսային միության գործընկերներ): Նրանց բաժին է ընկնում ԱՄՆ-ի դեֆիցիտային ապրանքաշրջանառության մեծ մասը:

Տնտեսագետները հաշվարկում են, որ Թրամփի որոշմամբ ներմուծվող ապրանքների միջին հարկը ԱՄՆ-ում 3-4%-ից կաճի մինչև 10-15%: Համեմատության համար՝ Եվրամիությունում ներկայում միջին մաքսատուրքը կազմում է մոտ 5%, Չինաստանում՝ 7,5%, Հնդկաստանում՝ 17%:

Տնտեսագետները նշում են, որ սա տնտեսական առևտրի հնաոճ մոտեցում է, որն իր անկենսունակությունը ապացուցել է դեռ 1930-ականների Մեծ ճգնաժամի ժամանակ: Նրանք մատնանշում են, որ մաքսատուրքերը իրականում ներմուծվող ապրանքների սպառման հարկ են: Դրանք կվճարեն ամերիկացիները, ինչի արդյունքում գները կբարձրանան, տնտեսության աճը կդանդաղի:

Էլեն Մուրադյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում