Գլխավոր Լրահոս

Ռուբեն Վարդանյանի կերպարը Բաքուն օգտագործում է աշխարհին ուղերձ հղելու համար․ Դավիթ Վարդանյան

Ռուբեն Վարդանյանի կերպարը Բաքուն օգտագործում է աշխարհին ուղերձ հղելու համար․ Դավիթ Վարդանյան

Ռուբեն Վարդանյանի կերպարն ու հեղինակությունը Բաքուն օգտագործում է համայն աշխարհին ուղերձ հղելու համար: Ֆրանսիական LE SPECTACLE DU MONDE պարբերականին տված հարցազրույցում ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։

«Դժբախտաբար, կարելի է ասել, որ դա նրանց ինչ-որ առումով հաջողվում է։ Ադրբեջանը հայերին դիմում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ և էլ ավելի հեռուն գնալու ցանկությամբ։ Վաղը նրանք կարող են Երևանի բնակիչներին ասել՝ «Ուզո՞ւմ եք անվտանգ ապրել: Դե ուրեմն, հիմա, երբ Արցախն արդեն մերն է, մենք Սյունիքի մարզն ենք ուզում, հետո միգուցե խաղաղություն հաստատվի»։ Ադրբեջանը չի թաքցնում այդ փաստը, քանի որ ներկայում ամբողջ Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս հռետորաբանությունը, ըստ իս, շատ մտահոգիչ է Հայաստանի համար»,-ասել է Դավիթ Վարդանյանը։

Անդրադառնալով Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանի պահման պայմաններին, որդին ասել է, որ այդ հարցը միաժամանակ և՛ պարզ է, և՛ բարդ։ Նրա խոսքով՝ Բաքվում իրավիճակն ամբողջովին զուրկ է թափանցիկությունից, և իրենք հստակ չգիտեն, թե ինչ է կատարվում այնտեղ: 

«Մեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլին, երբ հայրս հացադուլի մեջ էր՝ ի նշան բողոքի կալանքի դեմ, երկու շաբաթ լուր չունեինք նրանից։ Եթե ինձ հարցնեք երեկվա կամ այսօրվա մասին, մենք տեղեկություն չունենք։ Տեսականորեն մենք ամեն շաբաթ հեռախոսով առնվազն մեկ անգամ հաղորդակցվելու հնարավորություն ենք ստանում։ Ակնհայտ է նաև, որ ամեն անգամ, երբ նորություն չկա, մենք սկսում ենք անհանգստանալ»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

Լրագրողի հարցին, թե ընտանիքի անդամներն ինչպես են հաղորդակցվում Ռուբեն Վարդանյանի հետ, Դավիթ Վարդանյանն ասել է՝ Կարմիր Խաչի միջոցով, չնայած դա ամենահեշտ բանը չէ։ Դավիթը իր դժգոհությունն է հայտնել, որ կազմակերպության կանոնները շատ են, շփումների թիվը՝ սահմանափակ։

«‎Մյուս հնարավորությունը հեռախոսային մի քանի րոպեներն են, որոնցից կարող ենք օգտվել ամեն շաբաթ: Բայց մենք երբեք չգիտենք՝ արդյոք հաջորդ շաբաթ հեռախոսազանգ կլինի, թե ոչ: Դա թողնված է Ադրբեջանի կամքին։ Կարող ենք նաև նամակներ փոխանակել, բայց դա իրականում ավելի դժվար է։ Մի անգամ ինն ամիս ուշացումով նամակ ստացա... Ամեն դեպքում, այս հարցն արդեն օրակարգից դուրս է, քանի որ Բաքուն պատրաստվում է արգելել Կարմիր Խաչի գործունեությունը»,- ասել է Դավիթ Վարդանյանը։

Նա նաև ահազանգել է, որ Բաքվում գտնվող Վարդանյանի փաստաբանի նկատմամբ զգալի ճնշում կա, իսկ միջազգային իրավապաշտպանը գործին հետևում է ԱՄՆ-ից։ Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին, ապա Դավիթն ասել է, որ իրենց համար անհնար է այցելել հորը։  

Խոսելով Ռուբեն Վարդանյանի դատավարության, նրան ներկայացված փաստաթղթերի ոչ թափանցիկ լինելու մասին, որոնք հասանելի չեն պաշտպանական կողմին, Դավիթն ասել է, որ դա աբսուրդի ժանրից է։

«Հորս առաջադրված է 44 մեղադրանք, որոնք բոլորն էլ ակնհայտորեն անհիմն են։ Մինչ օրս մեղադրող կողմը իրեղեն որևէ ապացույց չի ներկայացրել։ Մեր փաստաբանը չի կարողացել ձեռք բերել վարույթում գտնվող փաստաթղթերը։ Խոսքն ավելի քան 25000 էջանոց գործի մասին է, որն ամբողջությամբ ներկայացված է ադրբեջաներենով։ Հետևաբար, առանց գործին մանրամասներին ծանոթանալու, մեր փաստաբանների համար անհնար է դառնում պատրաստել հորս պաշտպանությունը։ Ադրբեջանի կառավարությունն անընդհատ կրկնում է, որ դատավարությունը բաց է լրագրողների և հասարակական կազմակերպությունների համար։ Սակայն դատական վերջին լսումների ժամանակ Reuters-ի և այլ գործակալությունների լրագրողներին արգելվել է մուտք գործել դատարան: Amnesty International-ը արդեն իսկ դատապարտել է այս դատավարության աչառու ընթացքը»,- ասել է Դավիթ Վարդանյանը։

Ի՞նչը կարող է նպաստել Ռուբեն Վարդանյանի և նրա քսաներկու բախտակիցների ազատ արձակմանը, այս հարցին ի պատասխան Դավիթ Վարդանյանը նշել է՝ ամենակարևոր բանը դրա մասին խոսելն ու գրելն է։ 

«Որպեսզի Բաքուն հաջողության հասնի, նրան անհրաժեշտ է, որ բոլորը լռեն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության մասին, Բաքուն ցանկանում է, որ աշխարհը շարունակի այլ կողմ նայել: Սոցիալական ցանցերում, ռադիոյով, ամենուր: Ես գիտեմ, որ Ֆրանսիայի կառավարությունը շատ բաներ է ասում հայերին աջակցելու համար։ Պետք է խոսել Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների հետ։ Եվ բնականաբար, պետք է հարցնել եվրոպացիներին գազի մասին»,- ասել է Վարդանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում