Գլխավոր Լրահոս

Կառավարությունում ասել են՝ 40+10-ին վերադարձ չի լինի. արցախցիները շարունակում են պայքարը

Կառավարությունում ասել են՝ 40+10-ին վերադարձ չի լինի. արցախցիները շարունակում են պայքարը

40+10,000 դրամ աջակցության ծրագրին վերադարձ չի լինելու. այս մասին ապրիլի 3-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին ասել են կառավարությունում՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը։ Հանդիպումից հետո Խորհրդի ներկայացուցիչները հայտարարեցին, որ կշարունակեն պայքարը, քանի որ «40+10-ն այլընտրանք չունի»։

Այսօր Խորհրդի երեք ներկայացուցիչ հանդիպում է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խարատրյանի հետ՝ քննարկելու կառավարությանը ներկայացրած որոշ պահանջներ։ Խորհրդի անդամները հանդիպումից հետո կառավարությաան շենքի մոտ ճեպազրույցում ասացին, որ հիմնական քննարկումը եղել է սոցիալական թեմայի շուրջ։ Տեղեկացրել են, որ բնակվարձի աջակցության ծրագրի հին տարբերակին վերադարձ չի լինելու։

Ապրիլի 1-ից մեծապես կրճատվել է տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության ծրագիրը, որը ունի ոչ պաշտոնական «40+10» անվանումը։ Այն տեղահանված յուրաքանչյուր անձի համար նախատեսում էր 40,000 դրամ բնակվարձի և 10,000 դրամ՝ կոմունալ վարձերի համար։ Մարտի 29-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպած մեծ հանրահավաքին ներկայացվեց 12 կետից կազմված պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: Այդ պահանջների թվում էր՝ չկրճատել բնակվարձի աջակցության ծրագիրը և մշակել բնակապահովման նոր ծրագիր։ Նրանք մեկ շաբաթ ժամանակ էին տվել կառավարությանը՝ պատասխանի համար, և շարունակում էին տարբեր ակցիաներ իրականացնել նույն պահանջներով։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Մարիամ Աբրահամյանի խոսքով՝ կառավարության ներկայացուցիչները  խոսել են նոր մշակած ծրագրի մասին․ «Եթե ընտանիքում կա 4 անդամ և ընտանիքի անդամների եկամուտը մեկ շնչի հաշվով 50 հազարից ցածր է, ապա այդ ընտանիքը ստանում է ընդամենը 70 հազար դրամ աջակցություն։ Սա բնականաբար չի լուծում որևէ խնդիր, որի մասին մենք ևս նշել ենք․ մեր պահանջն այն էր, որ 40+10-ն այլընտրանք չունի»։

Խորհրդի անդամներից Ապրես Մարգարյանի խոսքով՝ կառավարությունում առաջարկել են բնակարանային ծրագրի մասով փորձագիտական խմբեր ձևավորել։ «Ասել են, որ մեր ձևավորած խմբերը  իրենց մասնագիտական խմբերին առաջարկներ կարող են անել, եթե կոնկրետ փաստերով որևէ տեղ հասականան, որ թերացել են, կվերանայեն ծրագիրը»,- ասաց խորհրդի անդամ Մարգարյանը։

Հանդիպմանը զուգահեռ մի շարք արցախցիներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ սպասելու հանդիպման արդյունքներին։ Դրանից հետո շարժվեցին Ազատության հրապարակ, որտեղ հայտարարեցին, որ կշարունակեն իրենց պայքարը ու ապրիլի 4-ին կներկայացնեն հետագա անելիքները։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում