Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված բիզնեսները շարունակում են անտեսված մնալ հարկային մարմինների կողմից. դրանք ոչ միայն չեն ներառվել հարկային ստուգումների ցանկում, այլև դուրս են մնացել մոնիթորինգի ենթակա ձեռնարկությունների ցանկից։
ՊԵԿ-ը հրապարակել է «Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2013թ. ընթացքում սպասարկվող հարկ վճարողների» ցանկը, որում ընդգրկված է 480 ընկերություն։ Վերջին տարիներին ցանկն անշեղորեն ընդլայնվում է, ի հեճուկս կառավարության՝ բիզնեսին միջավայրին աջակցելու հայտարարությունների։ 2010թ. խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված էր 344 ընկերություն, 2011-ին՝ 440, 2012-ին՝ 468։ Ստացվում է, որ երեք տարիների ընթացքում ընկերությունների քանակն ավելացել է 30%-ով։
Ֆինանսների նախարարության՝ «Խոշոր կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ» պաշտոնական պարզաբանման համաձայն՝ խոշոր է համարվում այն կազմակերպությունը, որի նախորդ տարվա գործունեությունից հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է Դ500 մլն-ը։
ՊԵԿ-ի ցանկում ուշագրավ այլ տվյալներ ևս կան։ Այսպես, Հայաստանի շաքարավազի շուկայի 99%-ը վերահսկող «Լուս Աստղ Շուգար» (Ախուրյանի շաքարի գործարանը) ընկերությունը չի ընդգրկվել մոնիթորիգի ենթարկվող խոշոր ձեռնարկությունների ցանկում։ Ցանկում ընդգրկված չեն նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ձեռնարկությունները, մասնավորապես՝ ռուսական և ուկրաինական կոնֆետներ ներկրող «Մեգա Ֆուդը», ավտոմեքենաների ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Մեգա Մոտորսը», ժամացույցների «Խրոնոգրաֆ» խանութը, «Յուքոմ» ընկերությունը։
Համեմատության համար՝ ցանկում ներառված է, օրինակ՝ «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը, որը 2012թ. ինն ամիսների կտրվածքով վճարել է Դ160 մլն-ի հարկեր, այն դեպքում, երբ «Մեգա Ֆուդը» վճարել է Դ460 մլն։
Սա առաջին դեպքը չէ երբ Գագիկ Խաչատրյանի բիզնեսները դուրս են մնում ՊԵԿ-ի հարկային մարմնի ուշադրությունից, այն դեպքում, երբ այս տարի ստուգումներ են նախատեսվում 1566 հարկ վճարողների մոտ։
Civilnet











