Լիա Ավագյան
Լույս է տեսել գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի մասին պատմող ««Դոն Կիխոտն» ու «վիշապները»» վերնագրով գիրք, որը հեղինակել է լրագրող, Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը։
Թադևոսյանը գործի բերումով տարիներ շարունակ շփվել է Ռուբեն Վարդանյանի հետ ու նրա կյանքից հավաքել հետաքրքիր դրվագներ, կուլիսային իրադարձություններ, որոնք հաճախ տեղ չեն գտել Վարդանյանի գործունեության պաշտոնական մասում։
«[Գիրք] Գրելու մասին առաջին անգամ մտածեցի, երբ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանցիները ձերբակալեցին Ռուբենին։ Երկրորդ անգամ, երբ 2024 թվականի օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «ով և ինչ նպատակով և ինչ երաշխիքներով Ռուբեն Վարդանյանին գործուղեց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ»։ Վերջնական որոշումը կայացրի 2025 թվականի հունվարի 16-ին, երբ կարդացի Ռուբենի ուղերձը Բաքվի բանտից»,- գրքի նախաբանում նշում է Թադևոսյանը։
Նա գրում է, որ առնվազն 2013 թվականից Ռուբեն Վարդանյանը հետևողականորեն ներկայացրել և փորձել է կյանքի կոչել իր մոտեցումները Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի ապագայի վերաբերյալ։
Թադևոսյանը պատմում է Ռուբեն Վարդանյանի տարբեր նախագծերի մասին ու ներկայացնում հետաքրքիր դրվագներ դրանց իրականացման ընթացքից։ Վարդանյանի «Հայաստան 2020», Դիլիջանի միջազգային դպրոց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, FAST հիմնադրամ ու շատուշատ այլ նախաձեռնություններ հեղինակը ներկայացնում է իր շփումներից ու փորձից ելնելով։
Նա նաև հետաքրքիր պահեր է ներկայացնում Ռուբենի պրոֆեսիոնալ գործունեությունից անդին, օրինակ՝ ծաղրածուի շորերով Խարբերդի մանկատուն այցը։

Գրքի գլուխներից մեկում Թադևոսյանը բացատրում է, թե ինչու է իր աշխատանքի վերնագրում հիշատակել Դոն Կիխոտին։ Գաղափարը հուշել է UWC Dilijan դպրոցի լիտվացի շրջանավարտը։ Նա պատմել է, որ Սերվանտեսի վեպը Ռուբենի սիրած գիրքն է։
«Աշխատանքի բերումով շատերի հետ եմ շփվել, բայց Ռուբենի նման քաջ մարդու չեմ հանդիպել։ Քաջ՝ բոլոր իմաստներով»,- գրում է Թադևոսյանը՝ նշելով, որ գրքի վերնագիրը որոշելու համար դիմել է արհեստական բանականության գործիքներին՝ հարցնելով, թե արդյոք Դոն Կիխոտին կարելի է քաջ համարել։
«Այո՛, Դոն Կիխոտին կարելի է քաջ համարել, բայց կարևոր է հստակեցնել, թե ինչ է նշանակում քաջությունը նրա պարագայում։ Դոն Կիխոտի քաջությունը միշտ չէ, որ հիմնված է տրամաբանության և իրականության վրա։ Նա իր արկածներին դիմում է՝ հավատալով, որ ինքը թափառող ասպետ է, որը պայքարում է ազնիվ գործերի համար, թեև շրջապատող աշխարհը դա նույն կերպ չի ընկալում։ Նա անվարան մարտահրավեր է նետում հողմաղացներին, երևակայական թշանմիների բանակներին և ամեն տեսակի վտանգների՝ առաջնորդվելով պատվի և իդեալիզմի խոր զգացումով»,- պատասխանել է Chat GPT-ն։
Հեղինակը փորձում է ընդգծել, որ Վարդանյանը քաջ էր իր նախաձեռնություններում, և քաջության շնորհիվ են շատ նախաձեռնություններ կյանքի կոչվել։
Նամակ Ռուբենին՝ Ապրիլյան պատերազմից հետո
Թադևոսյանը գրքում հրապարակել է նաև իր նամակը, որը Ռուբենին ուղարկել է 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսին։
Ապրիլյան պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական էլիտաները, որոնք նախկինում էլ հասարակության մտածող հատվածի հատուկ հարգանքը չէին վայելում, վերջնականապես վարկաբեկեցին իրենց: Մտավոր անկարողությունը, «մեծ պատկերը» տեսնելու և ռազմավարական մտածելու անընդունակությունը, ագահությունն ու կասկածամտությունը` այս ամենն ապրիլին և ապրիլից հետո դարձավ էլ ավելի նկատելի և սարսափելի:
Ավելի ու ավելի եմ համոզվում, որ Ձեր` «ներքևից վերև» փոփոխությունների մոդելը չի աշխատում: Կամ գուցե աշխատում է, բայց իրական փոփոխությունների կբերի տասնյակ տարիներ հետո, իսկ մենք այդ ժամանակը չունենք: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ եթե մենք չկարողանանք իրական փոփոխությունների հասնել առաջիկա տարիներին, հետո արդեն ուշ կամ անիմաստ է լինելու: Ցավոք, այն օազիսները, որոնք ստեղծվել են Հայաստանում՝ UWC Dilijan, «Թումո», «Այբ», չնայած իրենց մեծ արժեքին, ի վիճակի չեն ապահովել հասարակության փոխակերպման համար անհրաժեշտ մասշտաբը:
Սրա պատճառներից մեկն այն է, որ մտածող մարդկանց վստահության մակարդակն իշխանության նկատմամբ այնքան ցածր է, որ այս օազիսները հաճախ ընկալվում են որպես քմահաճույք կամ շունչ քաշելու հնարավորություն, ոչ ավելին:
Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունն ի վիճակի չէ փոխվել, նույնիսկ եթե հավատանք, որ նա ուզում է դա: Մենք տեսնում ենք պաշտոնյաների դեգրադացիա և ապամտավորականացում»,- գրում է Արա Թադևոսյանը:
Իր երկար նամակը հեղինակը եզրափակում է. «Կրկին ուզում եմ ընդգծել, որ գրվածը փորձ է օգնելու Ձեզ «այլ հայացքով նայել»։ Հայաստանում դեռ քիչ են մարդիկ, որոնք պատրաստ են օգտվել «երկրորդ շանսից»։ Բայց նրանց պետք է ցույց տալ ճանապարհը»։
Civilnet











