Ութ թեկնածու, ութն էլ մի խելքի
Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է. «Արմատապես կփոխենք երկիրը... եթե մարդիկ թոթափեն ճակատագրապաշտությունը»։ Եղբայր, էն որ դու նախագահ լինելու հավակնությամբ ես ասում էդ բառերը, արդեն ճակատագրապաշտ լինելու թելադրանք է։
Պարույր Հայրիկյանը եռօրյա հացադուլ է հայտարարում և ժամկետից մեկ օր շուտ դուրս գալիս հացադուլից։ «Սրտիս շրջանում ծակոցներ զգացի»,- հայտարարել է նախագահի թեկնածուն։ Նախ քրիստոնյան, որն ունի ծոմ պահելու իշխանություն, հացադուլի իրավունք չունի։ Երկրորդ, հացադուլը հենց «սրտի շրջանում զգացվող ծակոցներն է»։ Երրորդ, պայքարդ ձևակերպի՛ր, և պայքարիդ հասցեատերերին ցույց տուր՝ ում ինչ կարող է տալ քո հացադուլը։
Հրանտ Բագրատյանը հայտարարում է. «Իսկ ինչո՞ւ ես չպիտի դառնամ նախագահ, ցույց տվեք մեկին, որն ինձանից խելոք է»։ Իսկ Հրանտ Բագրատյանը թող ցույց տա ՀՀ-ում տեղի ունեցած որևէ ընտրություն, որտեղ թեկնածուն՝ ավագանու, թաղապետի, ՄԻՊ-ի, գլխավոր դատախազի, ՍԴ անդամի և նախագահի, որտեղ խելքը թեկուզ վերջին դերն է խաղացել։ Եթե խելքով լիներ, 8 թեկնածուներից առնվազն 7-ն իր թեկնածությունը չպետք է դներ։
Սերժ Սարգսյանը քարոզարշավի առաջին օրից մինչև հիմա վստահեցնում է. «Դեպի ապահով Հայաստան»։ Այս հայտարարության մեջ ինտերվենցիայի կոչ կա։ Օտար ներգաղթյալի հոգեբանություն կա։ Այս հայտարարությունը Հայաստանից ավելի ապահով վայրեր մեկնողների ինդուլգենցիան է։ Հայաստանն ինքնին արդեն ելակետ է, այն չի կարող լինել նպատակ։ Երբ հայտարարում ես դեպի ապահով Հայաստան, նշանակում է, Հայաստանից դուրս մի տեղից ես պատրաստվում «գրոհել» այս երկիրը։ Վերջին 20 տարում «ապահով Հայաստան» ներխուժելու բազում օրինակներ ունենք։
Արամ Հարությունյանն ասում է. «Եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, իմացեք, որ ես սրտի խնդիր չունեմ»։ Նախ, եթե ինչ-որ բան գիտեք, ուղիղ ասեք։ Ինչո՞ւ պիտի «սրտի խնդիր» չունենաք։ Ո՞ր կողմից եք սպասում հարվածը։ Հանուն քանի՞ տոկոսի եք սպասում, որ ձեզ հետ ինչ-որ բան պիտի տեղի ունենա։ Եվ ինչո՞ւ եք կարծում, որ մեր իշխանությունը, եթե ուզում է ինչ-որ մեկին «գլխից» խփել, պիտի դերասանություններ անի այնպես, որ ոչ ոք գլխի չընկնի։
Հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը հայտարարում է. «Հացադուլը դադարեցնել, նշանակում է արժեզրկել պայքարը»։ Ուրի՞շ։ Դա ի՞նչ պայքար է, որից իշխանության ոտքերը չեն դողում։ Եվ, ի դեպ, գրազ գա՞նք, որ դադարեցնելու ես առանց մեկ հատիկ հաջողության։
Մի բան էլ՝ Էպոսագետ Վարդան Սեդրակյանն ասել է. «Եթե ընտրողների 81 տոկոսը քվեարկի իմ օգտին, կստացվի, որ նրանք պարանոյիկներ են»։ Այ մարդ, բա դրա մասի՞ն է խոսքը։ Եթե վերևում Աստված կա, ուրեմն ներքևում ամեն ինչ պարանոյա է։ Իսկ եթե չկա, ինքդ որոշիր, թե ինչն է կամ ով է պարանոյիկ։ Որովհետև, եթե կա, ինքն իր կատակերգությունների մեջ անգամ չի գտնի այն, ինչ դու անում կամ ասում ես ներքևում։
Արման Մելիքյանն ասել է, որ նախագահի թեկնածուներից երեքն աչք են փակում ընտրակեղծարարության վրա։ Պետք է կողմնորոշվել՝ կա՛մ աչք են փակում ընտրակեղծարարության վրա, կա՛մ չեն ուզում լինել թեկնածու։ Եվ եթե այդ երեքի մեջ Սերժ Սարգսյանը չկա (իսկ Սերժ Սարգսյանը չկա), ինչ կարևոր է՝ երեք հոգի են, թե՝ երեք միլիոն։
Մհեր Արշակյան










