Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված լրատվամիջոցների և սոցիալական հարթակների շարունակական մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են խտրականության և ատելության խոսքի տարատեսակ դրսևորումներ, այդ թվում՝ արցախցիների նկատմամբ, ինչը խիստ անթույլատրելի է։ Նման հայտարարություն է տարածել պաշտպանի գրասենյակը։
Պաշտպանը նաև շեշտում է, որ հատկապես պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվությամբ պետք է մոտենան իրենց կողմից հնչեցվող հանրային խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին։
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում՝ մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ յուրաքանչյուր հայ՝ անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն իրացնելու իրավահավասար միջավայր ունենա ու զերծ լինի որևէ տեսակի խտրականությունից ու անհանդուրժող վերաբերմունքից:
«Առանցքային է նաև, որպեսզի Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք կարևորի հասարակական կյանքում բոլորի հավասար ինտեգրումը ու նպաստի դրա հետ կապված գործընթացների պատշաճ իրացմանը»,- ասված է պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ։
***
Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը հատկապես սոցիալական ցանցերում ակտիվացավ այն բանից հետո, երբ նրանք բողոքի ցույցեր սկսեցին՝ ընդդեմ կառավարության աջակցության ծրագրերի դադարեցման։
Ատելության խոսքը նկատվում էր նաև պաշտոնատար որոշ անձանց հայտարարություններում, մասնավորապես արցախցիների զայրացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի արտահայտությունը։ Վերջինս ասել էր, որ «ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին»։
Արցախցիների նկատմամբ ատելության խոսքը՝ որպես ներքաղաքական գործիք, նորույթ չէ Հայաստանում։ Նախորդ տարի ևս արցախցիները հայտնվել էին իշխանության որոշ ներկայացուցիչների թիրախում։
Կարդացեք նաև՝
Civilnet











