Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ կիրականացվեն հերթական վարժական հավաքները: Նման որոշում ընդունվեց կառավարության ապրիլի 10-ի նիստին:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար:
Նշվում է, որ կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով: Կատարելագործվելու է նաև Հայաստանի պետական սահմանի պահպանության համակարգը:
Վարժանքների հարցին «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է նաև ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե Հայաստանում անցկացվող պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքները վկայում են այն մասին, որ հայկական կողմը պատրաստվում է պատերազմի։
Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ և դրանք արտառոց չեն. «Վարժական հավաքները որևէ ագրեսիվ ենթատեքստ չունեն, զինված ուժերի բարեփոխումների և պահեստազորում հաշվառված քաղաքացիների պատրաստության բնականոն մաս են կազմում, որը բնորոշ է բոլոր երկրներում պաշտպանության կազմակերպման պարտադիր գործընթացին»,- նշել է Թորոսյանը։
***
Կառավարությունը ապրիլի 3-ի նիստին որոշեց նաև խստացնել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատիժները։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներում՝ խստացնելով պատասխանատվությունը։ Մասնավորապես, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից խուսափելու համար նախատեսված ազատազրկման ներկայիս 2-5 տարվա սահմանը կփոխարինվի 3-6 տարվա ազատազրկմամբ։ Վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատիժը կդառնա 1-3 տարի ազատազրկում, կխստացվի նաև տուգանքի չափը։
Civilnet











