Գլխավոր Լրահոս

Միրզոյանը, Ալիևն ու Կոբախիձեն՝ Անթալիայում. մեկնարկել է ADF 2025-ը

Միրզոյանը, Ալիևն ու Կոբախիձեն՝ Անթալիայում. մեկնարկել է ADF 2025-ը

Այսօր՝ ապրիլի 11-ին, մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական համաժողովը (ADF 2025), որը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը։ Համաժողովին մասնակցում են նաև Հարավային Կովկասի երեք պետությունները, որոնցից Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացված են պետության բարձրագույն ղեկավարության մակարդակով, իսկ Հայաստանը՝ արտաքին գործերի նախարարի մակարդակով։

Ադրբեջանը, համաձայն պաշտոնական տեղեկատվության, համաժողովում ներկայացնում է նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Վրաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետ Իրակլի Կոբախիձեն և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Հայաստանը համաժողովում ներկայացված է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մակարդակով։ ԱԳՆ ղեկավարի մասնակցության մասին ավելի վաղ պաշտոնապես հաղորդել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ մասնակիցների պաշտոնական ցանկի՝ դիվանագիտական համաժողովին կմասնակցի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Համաժողովի շրջանակում նախատեսվում է առանձին թեմատիկ քննարկում` նվիրված Հարավային Կովկասին: «Մարտահրավերներ և հնարավորություններ տարածաշրջանային համագործակցության համար Հարավային Կովկասում» խորագրով քննարկմանը որպես բանախոսներ հանդես կգան Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները։

Այս ֆորումի բարձրաստիճան հյուրերից մեկը կլինի նաև Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

Համաժողովին կմասնակցի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ սպասվում է, որ Լավրովը բանակցություններ կվարի Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Անթալիայի դիվանագիտական համաժողովը կազմակերպում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո։ 2025 թվականի համաժողովի կարգախոսն է՝ «Դիվանագիտության վերադարձը բևեռացված աշխարհում», որը, ըստ կազմակերպիչների, նպատակ ունի ուշադրություն հրավիրել միջազգային հարաբերություններում դիվանագիտության դերի վերաիմաստավորմանը՝ գլոբալ բևեռացման, ճգնաժամերի և ինստիտուցիոնալ անհավասարությունների ֆոնին։

Համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և մեդիայի դերակատարներ։ Քննարկվելու են խաղաղության պահպանման, հակամարտությունների կարգավորման, դիվանագիտական նոր մեխանիզմների ձևավորման և միջազգային համագործակցության ամրապնդման հարցեր։

***

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի ֆորումին մասնակցել է նաև 2022-ին և 2024-ին։

2022-ին Անթալիայում Միրզոյանը հանդիպել էր Թուրքիայի այդ ժամանակվա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

2024-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։

Էլեն Մուրադյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում