Աջակցության լրացուցիչ ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը ներկայացրել է, թե ովքեր կարող են օգտվել ծրագրից։
Նոր ծրագրով տրամադրվող աջակցությունից կարող են օգտվել կարիքավոր ընտանիքները։ Հարությունյանի խոսքով, կարիքավոր ընտանիք ձևակերպման համար հիմք է ընդունվել որոշակի դրամանակ միջոցներ ունենալու հանգամանքը։
«Շահառուներն ընտանիքներն են, ոչ թե անձը։ Եթե ընտանիքն իր ունեցած եկամուտներով հանդերձ, յուրաքանչյուր անձի հաշվարկով չի կարողանում ապահովել 55,000 դրամ եկամուտ, նման ընտանիքը կդիտարկվի շահառու։ Աջակցության չափը պայմանավորված է ընտանիքի անդամների թվով։ Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական օգնության ձևով, ապրիլից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Աջակցության չափը կլինի ընտանիքի համար 40,000 դրամ, որին կգումարվի ընտանիքի երկրորդ անդամից սկսած հավելյալ 10,000 դրամ»,- ասել է Արտակ Հարությունյանը։
ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագիրն ընդունվել է Կառավարության՝ ապրիլի 10-ի նիստի ժամանակ։
«Եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամից, և ընդհանուր եկամուտը չի գերազանցում 55,000 դրամը, ընտանիքը կստանա 40,000+40,000 դրամ, այսինքն 80,000 դրամ»,- ասել է Հարությունյանը։
Ըստ Հարությունյանի, աջակցությունից չեն կարող օգտվել սոցիալական հաստատություններում՝ մանկատներում, ծերանոցներում, գտնվող անձինք, քանի որ նրանք գտնվում են պետության հովանավորության ներքո:
Ընտանիքի անդամն, ով չի գտնվում ՀՀ-ում, ևս չի կարող օգտվել այս աջակցությունից։
Լրացուցիչ աջակցություն չեն ստանա նաև այն անձինք, որոնք պետության աջակցությամբ ներառվել են սոցիալական բնակարանային ֆոնդում կամ բնակվում են պետության տրամադրած տարածքներում, որոնք խնդիր չունեն բնակվարձ վճարելու:
Ծրագրի շահառուները կարող են դիմումները ներկայացնել ապրիլի 22-ից։ Դիմումներն ընդունվում են https://e-social.am/ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով։
Ապրիլի 1-ից մեծապես կրճատվել է տեղահանված արցախցիների բնակվարձի աջակցության ծրագիրը, որը ունի ոչ պաշտոնական «40+10» անվանումը։ Այն տեղահանված յուրաքանչյուր անձի համար նախատեսում էր 40,000 դրամ բնակվարձի և 10,000 դրամ՝ կոմունալ վարձերի համար։
Էլեն Մուրադյան
Civilnet











