Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ:
Հանդիպման մասին նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը;
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը մոտ 30 րոպե է տևել, որից հետո հանդիպման սենյակն առաջինը լքել է Միրզոյանը: Անթալիայի դիվանագիտական ֆորումին ներկա գտնվող ՍիվիլՆեթի թղթակիցը հայտնում է, որ Հաքան Ֆիդանը հանդիպման սենյակից դուրս է եկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ` զրուցելով: ՍիվիլՆեթի հարցին, թե ինչպես կգնահատի Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը, Թուրքիայի ԱԳ նախարարը չի պատասխանել:
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի գլխավոր դիվանագետը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:
ՍիվիլՆեթի թղթակիցը հայտնում է, որ հանդիպումից հետո Հաքան Ֆիդանը ջերմ զրույցով ու գրկախառնություններով է ճանապարհել Ջեյհուն Բայրամովին:
Civilnet











