ՀԿ-ները դիմել են Հայաստանի ԱԳՆ-ին՝ Բաքվի գերիների պաշտպանությունը պատվիրակելու Շվեյցարիային

Հասմիկ Հովհաննիսյան
«Իրավական ուղի» և «Արցախի ժողովուրդների շահերի և իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունները մարտին դիմել են Հայաստանի ԱԳՆ-ին՝ խնդրանքով, որ Հայաստանը Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանության հյուպատոսական իրավունքը պատվիրակի Շվեյցարիային՝ որպես երրորդ երկրի. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի»-ի (Path of Law) համահիմնադիր, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ըստ Սահակյանի՝ ԱԳՆ-ն իրենց տեղեկացրել է, որ դիմել-չդիմելու և երկրի ընտրության հարցը քննարկվում է։
Իրավապաշտպանն ընդգծում է, որ Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների իրավական պաշտպանության հարցն առավել արդիական է դարձել այն բանից հետո, երբ Ադրբեջանը մարտի սկզբին հայտարարեց, որ դադարեցնելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունն իր տարածքում։
ԿԽՄԿ-ն միջազգային միակ կազմակերպությունն է, որը կարողանում է այցելել Բաքվում պահվող հայ պատանդներին և կապ ապահովել նրանց ու նրանց ընտանիքների միջև։ ԿԽՄԿ-ն տարածաշրջանում իր գործունեությունը սկսել է Ղարաբաղյան առաջին պատերազմի սկզբում՝ 1992-ին, և պատվիրակություններ ուներ Բաքվում և Երևանում ու գրասենյակ՝ Ստեփանակերտում։
Սահակյանն ասում է, որ իրենք տարբեր հանդիպումներում բարձրացրել են այս հարցը, բայց խնդիրը հրապարակային չեն դարձրել. «Խնդրի արդիակաությունն այժմ փոփոխության է ենթարկվել, երբ որոշվեց դադարեցնել Կարմիր խաչի կոմիտեի գործունեությունը։ Բաքվում պահվող հայերին այդ ծառայության տրամադրման դադարեցումը անդառնալի հետևանքներ կունենա»։
Սահակյանի խոսքով՝ հյուպատոսական իրավունքի փոխանցումը վերաբերում է նաև անձի արդար դատաքննության իրավունքին. «Հյուպատոսական ծառայությունների շրջանակը լայն է։ Այն ներառում է պայմաններին ծանոթանալը, իրավունքների իրացվածության մասին տեղեկանալը, կարող է առնչվել բժշկական հարցերի»։
Ըստ իրավապաշտպանի՝ երրորդ կողմը, որին փոխանցվում է հյուպատոսական իրավունքը, պետք է չեզոք պետություն լինի՝ ընդունելի հայցող և ընդունող պետությունների կողմից:
Իսկ թե ինչու է ընտրությունը կանգ առել Շվեյցարիայի վրա, Սահակյանը պարզաբանում է. «Մեզ համար նշանակություն ուներ Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած փաստաթուղթը, համաձայն որի՝ Շվեյցարիան կարող է երկխոսության հարթակ ապահովել արցախցիների և ադրբեջանցիների միջև։ Սա կարևոր է նաև արցախցիների վերադարձի իրավունքի իրացման տեսանկյունից»։
Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատը մարտի 18-ին կողմ քվեարկեց Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծման նախագծին, որը երկրի կառավարությանը կոչ է անում հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Ավելի վաղ՝ 2024-ի դեկտեմբերին, նախագիծն ընդունել էր Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը։
Վիեննայի հյուպատոսական հարաբերությունների մասին 1963-ի կոնվենցիայի համաձայն՝ երբ որևէ պետություն չունի դիվանագիտական ներկայացուցչություն կոնկրետ երկրում՝ իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը համաձայնությամբ կարող է վստահել երրորդ պետության։ Սա կարևոր միջոց է այն դեպքերում, երբ դիվանագիտական երկկողմ հարաբերություններ չկան։ Այդպիսով երրորդ պետությունը հանդես է գալիս որպես «հետաքրքրությունների պաշտպան»՝ ժամանակավոր կամ երկարաժամկետ։
Հյուպատոսական իրավունքի այս դրույթի կիրառման հայտնի օրինակներից է ԱՄՆ-ի կողմից իր քաղաքացիների պաշտպանության պատվիրակումը Շվեյցարիային 1979-ին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո, երբ ԱՄՆ-ն խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, որը ձերբակալել էր 52 ամեիկացի դիվանագետների։
2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց թվում են երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Բաքուն պաշտոնապես ընդունում է իր մոտ 23 հայ պատանդների առկայությունը, որոնց մեծ մասը գերեվարվել է 2020-ի պատերազմից հետո։
Տեղադրություն
Civilnet










