Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ փորձարկումների ևս մեկ տասնամյակ, ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը կհանգեցնի երկրի տնտեսության փլուզմանը, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ Ապրիլի 12-ին Մոսկվայում Հայ գործարարների ասոցիացիայի հանդիպմանը Կարապետյանը խիստ քննադատել է Հայաստանի իշխանությունների արտաքին տնտեսական քաղաքականության փոփոխությունը։
Իր ելույթում նա շեշտել է, որ վերջին ամիսներին Հայաստանի կառավարությունը «ցուցաբերում է շրջադարձ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից՝ հօգուտ Արևմուտքի հետ փոխգործակցության առաջնային զարգացման»։ Կարապետյանը մտահոգություն է հայտնել, որ եվրաինտեգրման ուղղությամբ կառավարության քայլերը կարող են հանգեցնել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն, ինչի հետևանքները «կլինեն կործանարար»։
Ռուսահայ գործարարը ներկայացրել է տնտեսական մի շարք ցուցանիշներ. 2024-ին Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հասել է 12,7 մլրդ դոլարի, մինչդեռ ԵՄ-ի հետ առևտուրը նվազել է 14%-ով և կազմել 2 մլրդ դոլար (երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մոտ 7%-ը)։ Ըստ նրա, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի արտահանումը կկրճատվի 70-80%-ով։
«Այդ թվերը հստակ ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն ապահովում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական մասը և նրա գլխավոր առևտրային գործընկերն է, իսկ դա նշանակում է՝ երկրի տնտեսական կայունության հիմքը», - նշել է Կարապետյանը։
Գործարարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցին։ Ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության համար էներգակիրների առանցքային մատակարարն է և ապահովում է գազի և նավթի մատակարարումը «կայուն հաստատված ուղիներով և Հայաստանի համար շահավետ պայմաններով»։
Կարապետյանը շեշտել է նաև Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների կարևորությունը՝ նշելով, որ 2024-ին դրանց ծավալը կազմել է 3,8 մլրդ դոլար, ինչը կազմում է երկիր մուտք գործող անդրսահմանային փոխանցումների ընդհանուր ծավալի 65%-ը։
«Այս ֆինանսական հոսքերը համադրելի են Հայաստանի պետական բյուջեի էական մասի հետ և առանցքային դեր են խաղում բանկային համակարգի կայունության պահպանման, ներքին պահանջարկի խթանման և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման գործում»,- ասել է նա։
Կարապետյանը հորդորել է գործարարներին ուշադիր գնահատել Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության փոփոխության հետ կապված բոլոր նրբերանգները։
«Անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ երկրների և միավորումների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը։ Եվրամիության հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, բայց ոչ ԵԱՏՄ-ի կորստի գնով»,- ասել է նա։
Կարապետյանը կոչ է արել հենվել ոչ թե «հույզերի և գեղեցիկ խոստումների» վրա, այլ «թվերի և փաստերի» վրա՝ ընդգծելով, որ Հայաստանը «չի կարող իրեն թույլ տալ փորձարկումների ևս մեկ տասնամյակ»։
Civilnet











